Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Եղեգնաձորի համայնքապետի կողմից առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Եղեգնաձորի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:
Ուսումնասիրություններով պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումները թույլ են տրվել 2016թ. հունվարից 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ շինարարական-վերանորոգման 24 ծրագրերի, ճանապարհային և շենքերի բակային ծածկույթի հիմնանորոգման, մասնակի կամ ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ ծրագրերի կատարման, ինչպես նաև՝ գնումների գործընթացում:
Մասնավորապես՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրավասու լինելով ի պաշտոնե տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, ապահովել դրանց նպատակային օգտագործումը, համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական-վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական և պատշաճ մատուցված չլինելու պայմաններում շարունակաբար ընդունել է 2016-2017թթ. ժամանակահատվածի համար ներկայացված կատարողական ակտերով և հանձնման-ընդունման արձանագրություններով իրականությանը չհամապատասխանող, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից պակաս ծավալների աշխատանքները և վճարել է դրանց համար:
Արդյունքում՝ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վատնել է համայնքի բյուջեի ֆինանսական միջոցները՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 3.323.900 ՀՀ դրամի գույքային վնաս:
Իրականացված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են նաև այլ բնույթի խախտումներ՝ բյուջետային մուտքերի ապահովման գործընթացում, աղբահանության կազմակերպման աշխատանքների, տարբեր ուղղություններով համայնքային միջոցների ծախսման և գնումների իրականացման ոլորտներում:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք հարցումներ, շենք-շինությունների վերանորոգման և ճանապարհաշինության աշխատանքների վերաբերյալ առանձին պայմանագրերի, կատարողական, փորձարկման, տեղազննության և հսկիչ չափագրման ակտերի և համեմատական տեղեկագրերի զննություններ, հարցաքննվել են համայնքապետարանի աշխատակիցներ, կապալառու ընկերությունների տնօրեններ, որոնց կողմից ներկայացվել են պարզաբանումներ, մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասին 1-ին կետով և 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատճառված վնասի չափը հստակեցնելու, առերևույթ խախտումների համար պատասխանատու անձանց շրջանակը, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հայտնաբերված խախտումների առնչությամբ կապալառու կազմակերպությունները պարտավորվել են վերացնել առկա բոլոր թերությունները, որից հետո լրացուցիչ շինարարական վերանորոգման աշխատանքների կատարմամբ և համայնքային բյուջե գումարներ վճարելով՝ մասնակիորեն փոխհատուցել են Եղեգնաձոր համայնքին պատճառված վնասները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: