Թուրքիայի հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ

Turqiai AGN

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։  Հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ»՝ գրում է ermenihaber-ը։

Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը ադրբեջանական բանակի կորուստների կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։ 

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, թե Հայաստանը, իբր, ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել «Ադրբեջանի տարածք ԼՂ-ի և շրջակա տարածքների ապօրինի բռնազավթումից» և հակամարտությանն ավելացնելով նոր չափորոշիչներ՝ արգելափակել հիմնախնդրի քաղաքական լուծումը։

«Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանատիպ վտանգավոր մարտավարությունից, պետք է ընտրի ողջախոհությունը և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ցույց է տալիս, որ Հայաստանը ամենամեծ խոչընդոտն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ 

Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին՝ տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը Տավուշի դիրքերի ուղղությամբ։

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...