Լավ, այսքան կարելի՞ է մեզ նսեմացնել, ախր, հարգելի դատարան, 30 տարի տառապել ենք, հանցագործի դեմքին չնայե՞մ»

kareli e

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստի սկզբում տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը խնդրեց դատարանին տուժողների իրավահաջորդներին թույլատրել գտնվել նիստերի դահլիճի հիմնական հատվածում։ Նշենք, որ նրանք զբաղեցնում են ապակիներից այն կողմ գտնվող հատվածը՝ սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը պահպանելու համար։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց տուժողներին, թե որն է պատճառը, որ ցանկանում են տեղափոխվել դահլիճի հիմնական հատված, ինչին պատասխանեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը․ «Մոտ 70 տարեկան մարդ ենք, լսողությունից վատ ենք, եւ տեսնում ենք ազատ տեղ, ուր կարող ենք նստել, բոլորը քիպ-քիպ նստած են, իսկ մենք երեք հոգի մարդ ենք, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ»,- ասաց նա՝ խնդրելով իրենց տեղափոխել դահլիճի հիմնական հատված։

Տուժողի հայտարարությանը առարկեց ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ ասելով, որ իրենք համաձայն չեն դրան, եւ ունեն երկու պատճառ․ «Առաջին պատճառն այն է, որ 1․5 մետր հեռավորությունը հնարավոր չի լինելու ապահովել, երկրորդը՝ այն, որ տուժողի իրավահաջորդներից մեկը բազմաթիվ անգամներ խանգարել է գործի քննության բնականոն ընթացքը, եւ ես գտնում եմ, որ երբ նա տեղ զբաղեցնի մեր կողքին, հնարավորություն չենք ունենալու պատշաճ կերպով աշխատելու»,- ասաց պաշտպանը։

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հարց հղեց դատարանին՝ եթե տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը գա եւ դարձյալ զբաղեցնի դահլիճի հիմնական հատվածում նախատեսված տեղը, հնարավոր լինելո՞ւ է արդյոք ապահովել 1․5 մետր հեռավորությունը․ «Դա մենք չենք որոշել, ՀՀ պարետն է որոշել»,- ասաց նա։

Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ անգամ դատավորի հարցը լսելի չէր տուժողներին, ուստի եթե նրանք խնդիր ունեն մասնակցելու, պետք է հնարավորություն տալ, ապահովել այդ պայմանները։ Բաղդասարյանը նշեց նաեւ, թե ըստ իրեն՝ որտեղ կարող են նստել նրանք։

Դատախազի այդ առաջարկին արձագանքեց պաշտպան Ալեքսանյանը՝ ասելով․ «Ես կառաջարկեմ, որ պարոն Բաղդասարյանը գա, այստեղ տեղ զբաղեցնի եւ տեսնի՝ հնարավո՞ր է թե ոչ․ աթոռները ջարդած են, եկեք փորձեք, միգուցե ձեզ մոտ ստացվի»։ Բաղդասարյանը եւս պատասխանեց Ալեքսնայանին, սակայն լսելի չեղավ, թե ինչ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կոչ արեց դադարեցնել վիճաբանությունը։

Միաժամանակ դատավորը որոշեց, որ մեկ հոգի կարող է տեղափոխվել դահլիճի հիմնական հատված՝ պահպանելով սոցիալական հեռավորություն․ «Քանի որ պարոն Եգորյանը դեռեւս չի եկել, նրա գալուց հետո դատարանը կորոշի»,- ասաց դատավորը՝ Սարգիս Քլոյանին առաջարկելով տեղափոխվել։

Տուժողի իրավահաջորդներից մեկն էլ դահլիճի մյուս հատվածից ասաց․ «Լավ, այսքան կարելի՞ է մեզ նսեմացնել, ախր, հարգելի դատարան, 30 տարի տառապել ենք, հանցագործի դեմքին չնայե՞մ»,- ասաց նա:

Դատավորը կարգադրիչներին խնդրեց վերցնել խոսափողը նրա ձեռքից եւ հետաքրքրվեց՝ արդյոք տուժողները չեն առարկում իրենց փաստաբանի բացակայությամբ նիստը շարունակելուն։ Առարկություն չհնչեց, եւ նիստը շարունակվեց։

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...