Տավուշի բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը.Արման Թաթոյան
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ:
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:
Արման Թաթոյանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ: