Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով չարաշահումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Պտղնի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը, 1991 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում, վատնման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դեռևս 2015թ. հոկտեմբերի 15-ին համայնքի միջոցներով՝ 439.000 ՀՀ դրամով ծառայողական նպատակով ձեռք բերված և իրեն վստահված «Iphone 6S» մոդելի բջջային հեռախոսը 2017թ. նոյեմբերի 29-ին տվել է որդուն՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը:
Բացի այդ, Պտղնի համայնքի ղեկավարը, իր կողմից վատնման եղանակով կատարված զգալի չափի հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, շուրջ մեկ ամիս անց՝ 2017թ. դեկտեմբերի 25-ին, հաստատել է համայնքապետարանի հիմնական միջոցների խոտանման կեղծ ակտը, որում որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի, վերանորոգման ոչ ենթակա գույք, նշվել է նաև վատնման եղանակով հափշտակած և որդու կողմից փաստացի օգտագործվող վերոնշյալ բջջային հեռախոսը, այն դուրս է գրել Պտղնիի համայնքապետարանի հիմնական միջոցների հաշվեկշռից՝ այդ կերպ կատարելով պաշտոնեական կեղծիք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք):
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: