ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:
Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:
Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին:
Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից: