Հորդորում եմ զերծ մնալ Վարդավառը տոնելու գայթակղությունից. Տիգրան Ավինյան
‼️Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է:
Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը:
Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:
Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:
Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Տեղեկացնում եմ նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:
Սիրելի՛ ժողովուրդ,
Հասկանում եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս շուտ վերադառանալ նախկին ապրելակերպին, սակայն ներկայիս պայմաններում մեր և մեր սիրելիների անվտանգության ու առողջության ապահովման միակ ճանապարհը սահմանված կանոնների պահպանումն է: Համոզված եղեք, որ շարունակական կարգապահության դեպքում ավելի շուտ կկարողանանք վերադառնալ մեր կյանքի բնականոն ռիթմին:
Այս օրերին մեր բանակը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ նվիրումով պաշտպանում է հայրենիքի սահմանները հակառակորդի ոտնձգություններից, մենք էլ մեր հերթին բարձր կարգապահությամբ և պատասխանատվությամբ պաշտպանենք «ներքին սահմանները» կորոնավիրուսի համավարակից:
Առողջություն և զգոնություն բոլորիս, միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները:
‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է:…
Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Четверг, 16 июля 2020 г.