Դիանա Գալոյանը պնդում է՝ Սմբատ Գոգյանին պատասխանատվության կենթարկեն. վերջինս մտավախություններ չունի
ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը, իսկ ՀՊՏՀ-ում այս պահին ռեկտորի թափուր տեղի մրցույթ է անցկացվում, որի թեկանածուներից մեկը հենց Գալոյանն է։
Անդրադառնալով ԲՈԿ-ի որոշմանը՝ Գալոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԲՈԿ նախագահը ինքնիրավչությամբ է զբաղված։
Գալոյանի խոսքով՝ երբ ԲՈԿ նախագահը տվել էր անվավերության հայցի հրաման, ինքն արդեն վերադասության կարգով բողոքարկել էր նախարարություն․
«Ինքը մինչև վերադաս մարմնի կողմից չունենար բողոքարկման արդյունքները, իրավունք չուներ այդ նիստը անելու։ Ես, իհարկե, սա նորից վերադասության կարգով, նաև Վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը պատասխանատվության կենթարկվի, որովհետև կանգ չի առել մինչև նախարարության կողմից բողոքի պատասխանի հրապարակումը։ Պարոն Գոգյանը շարունակում է ինքնիրավչությամբ զբաղվել»։
Գալոյանը համոզմունք հայտնեց, որ պահպանելու է իր գիտական աստիճանն ու կոչումը, տեսնում է նպատակաուղղված քայլեր իր դեմ․
«Պարոն Գոգյանին համապատասխան պատասխանատվության կենթարկեն, որովհետև եղել է վերադասության կարգով բողոք և ինքը շարունակել է ինքնիրավչությամբ զբաղվել»։
«Ա1+»-ի հետ զրույցում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը իր հերթին նշեց, որ իրենք գիտակցված որևէ ապօրինություն թույլ չեն տվել, և պատասխանատվության ենթարկվելու հետ կապված որևէ մտավախություն չունի․
«Մենք առաջնորդվել ենք Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պարզաբանումներով և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով»,-նշեց Գոգյանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանը ասել է, որ վարույթ հարուցելու որոշումը վարչական ակտ չէ․
«Հուլիսի 9-ին մենք հարուցել ենք վարչական վարույթ, ու Վճռաբեկ դատարանը որոշել է, որ դա վարչական ակտ չէ, իսկ ինչ վերաբերում է տիկին Գալոյանի պնդմանը, որ ես պարտավոր էի սպասել, դա վերաբերում է այն դեպքին, երբ վարչական ակտն է բողոքարկվում», ասաց նա։