Ամազոնուհիներ․ Ռազմիկ Կանանց Առասպելի Իսկությունը Հավաստող Ապացույցներ Են Գտնվել

amazonuhiner

Հին աստվածների, մարտիկների և թագավորների ժամանակներում հունական դիցաբանության մեջ ձևավորվեց ռազմիկ կանանց ցեղի մասին առասպելը: Այս ժամանակներից սկսած Փոքր Ասիայի ռազմատենչ կին մարտիկների մասին թափառիկ սյուժեները տարածվեցին գրեթե բոլոր մշակույթներում՝ հասնելով մինչև մեր օրեր։ Խոսքը լեգենդար Ամազոնուհիների մասին է։ 

Հերոդոտոսի (մ. թ. ա. 484–425), Հիպոկրատի (մ.թա. 460-377), Պլինիոս Ավագի (23/24–79թթ․) և անտիկ շրջանի այլ հեղինակների գործերում ամազոնուհիների վերաբերյալ կարելի է հանդիպել բազմաթիվ հիշատակությունների։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ այս ռազմիկ կանանց ցեղի վերաբերյալ բոլոր պատմությունները երևակայության արդյունք են, սակայն հնագիտական վերջին բացահայտումները ցույց են տալիս , որ նրանք իրապես գոյություն են ունեցել և այդ պատմություների կծիկը սկզբնավորվել է ավելի քան 2500 տարի առաջ։

Դեռևս 1988 թվականին Ռուսաստանի նյութական մշակույթի պատմության ակադեմիայի (ИИМК РАН) հնագետները Տիվայում (այժմ՝ Տիվայի հանրապետություն, Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր) հայտնաբերեցին մ.թ.ա. 7-րդ դարի սկյութական եզակի գերեզմանատուն՝ զենք-զինամթերքի հետ թաղված մումիացված մարմիններով։ Պահպանվել էր նաև 12-14 տարեկան դեռահասի մումիացված մարմինը՝ կրկին զենքերով շրջապատված։ Վերջերս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի գիտնականների կողմից իրականացված գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ դանցից շատերը կանայք են։

Ըստ Հերոդոտոսի ամազոնուհիները կռվել են սկյութների դեմ, սակայն իրականում նրանք կարող են լինել հենց սկյութացի կանայք, ովքեր մարզվում, կռվում և որս էին անում տղամարդկանց հետ միաժամանակ։

Հետազոտության հեղինակները նշում են, որ ամենայն հավանականությամբ այս [սկյութական] կանայք նույնպես մասնակցել են որսորդությանն ու պատերազմներին։ Միգուցե այս հավասարությունն է պատճառը, որ հիմք է դարձել առասպելի որոշ տարբերակներին, օրինակ, մի շարք մեկնաբանություններում նշվում է, որ Ամազոնում ոչ մի տղամարդու չէր թույլատրվում բնակվել կամ սեռական հարաբերություն ունենալ տեղացիների հետ, բայց տարին մեկ անգամ իրենց ցեղի գոյությունը փրկելու համար ամազոնուհիները այցելում էին հարևան գարգարացի ցեղին։

Դարերի ընթացքում ամազոնուհիների մասին առասպելները վերափոխվել են, զարդարվել ամենատարբեր հորինվածքներով (օրինակ, սեփական կրծքերը կտրելը)։ Այժմ, շնորհիվ հնագիտական հետազոտությունների ժամանակակից տեխնոլոգիաների, մենք հնարավորություն ունենք ավելին իմանալու առասպելների հետևում գտնվող իրական կին մարտիկների մասին։

Ուսումնասիրությունը տպագրվել է Stratum plus ամսագրում։

ita.am

Ձեզ կհետաքրքրի...