«Կգնանք ուրիշ տեղ կկանգնենք». Հայաստանից միրգ-բանջարեղեն արտահանողները Food City այլևս չեն մտնի. «Ժամանակ»
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում, արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը տեղեկացրեց, որ մշտապես կապի մեջ է մեր բեռնատարների վարորդների հետ։ Վերջին թարմ տեղեկություններով՝ նրանք ամբողջ ապրանքը վաճառել են, որևէ խնդիր չի առաջացել։ Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ այսուհետ որևէ մեքենա, որը Հայաստանից միրգ-բանջարեղեն կարտահանի Ռուսաստան, Food City առևտրի կենտրոն մուտք չի գործի։ «Ոչ մի հայ այնտեղ մուտք չի գործի։ Արդեն բոլորն իմացան, որ դա թուրքի է պատկանում։ Էդ հարցը ոչ էլ պետք է բարձրանա։ Կգնանք ուրիշ տեղ կկանգնենք։ 15 միլիոնանոց քաղաքում մենք չե՞նք կարող մի 20-30 մեքենա տեղավորել։ Մենք ոչ մի ձևով չխեղճացանք։ Մեր ապրանքը նորմալ վաճառվեց, ամեն ինչ նորմալ էր։ Ապրի հայ համայնքը, ապրեն Ռուսաստանում մեր գործարարները։ Մենք դրանով ցույց տվեցինք, որ ուրիշ մարդ ենք, ուրիշ ազգ ենք։ Իրենք մանր մարդ են։ Մենք դրանից չխեղճացանք»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը, ապա ավելացրեց՝ հարցը լուծվել է ամբողջությամբ, քանի որ խնդիր էր առաջացել միայն Food City առևտրի կենտրոնում կանգնած մեր բեռնատարների մասով, մնացած բոլոր կենտրոններում նորմալ ընդունում են։