«Հայփոստը» գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

Hay post

Միանալով Համաշխարհային փոստային միության համակարգի նոր ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն Ռուսաստանի փոստի (Почта России) հետ համատեղ  մեկնարկել է դրամական փոխանցումների նոր PosTransfer համակարգ: Սա դրամական փոխանցումների նորագույն համակարգի առաջին գործարկումն է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլև Համաշխարհային փոստային միության անդամ երկրների շրջանում՝ տեղեկացնում են «Հայփոստ» ընկերությունից։

Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում ընդամենը 1,2% միջնորդավճարով:  Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետում, ինչը նշանակում է, որ այսուհետ Հայփոստի միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած՝ նույնիսկ ամենահեռավոր համայնքում:

Համակարգը հասանելի է նաև օնլայն ռեժիմով և ապահովում է առավելագույն օպերատիվություն, դրամական փոխանցումն իրականացնելուց 15 րոպե անց հասցեատերը Հայաստանի կամ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքում կարող է ստանալ իր գումարը:

Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016 թ. սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում: Սպասվում է, որ Համաշխարհային փոստային միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:

Համաշխարհային փոստային միությունը միավորում է 193 երկիր, միջազգային միջկառավարական կազմակերպություն է և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:

Ձեզ կհետաքրքրի...