«Միսս տիեզերք 2019»-ի գեղեցկուհիները սոցցանցերում հանդես են եկել ադրբեջանական ագրեսիայի դեմ կոչով

mis tiezerq

«Միսս տիեզերք 2019»-ի մասնակիցները սոցցանցերում ֆլեշմոբ են սկսել՝ հանուն Հայաստանի: Նրանք #Support Armenia (աջակցում եմ Հայաստանին) հեշթեգով լուսանկարներ են տեղադրել: Այդ մոդելների թվում են Շվեդիայի, Արգենտինայի, Բուլղարիայի եւ այլ երկրների ներյացուցիչներ: Ֆլեշմոբի նախաձեռնողը «Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանը ներկայացրած Դայանա Դավթյանն է, որը խոսել է դրա նպատակի մասին:

«Վերջերս Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ագրեսիաից ազդված՝ ցանկանում էի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել այս երեւույթի կողմը՝ դրանով իսկ տեղեկացնելով տասնամյակներ ձգվող կոնֆլիկտի մասին. չէ՞որ շատ երկրներ տեղեկություն չունեն Հայաստանի, Արցախի եւ մեր սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարծում եմ՝ հանդիսանալով «Միսս Տիեզերք 2019» Հայաստանյան ներկայացուցիչը՝ կարող եմ մյուս մասնակից աղջիկների օգնությամբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեր խնդրի վրա, որը այսօր դուրս է եկել Արցախի շրջանակներից եւ սպառնալիք է դարձել Հայաստանի Հանրապետության համար:

Ցանկություն ունենալով քաջալերել մեր ժողովրդին ու մեր զինվորներին այսօրվա բարդ իրավիճակում՝ երկար մտածում էի, թե ինչով ինքս կարող եմ աջակցել նրանց: Որոշեցի նախաձեռնել ակցիա՝ նրանց սատարելու համար: Գիտակցում էի, որ ամենակարեւորը հոգեւոր աջակցությունն է, ինչը թույլ չի տա մեր հայրենակիցներին եւ զինվորներին կորցնել վստահությունը եւ հաղթական ոգին: Կոչ արեցի «Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակիցներին այս դժվարին պահին իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանին, հայ ժողովրդին եւ հայ զինվորներին՝ լուսանկարվելով #SupportArmenia (Աջակցում եմ Հայաստանին) հաշթագով եւ տեղադրելով այդ լուսանկարները իրենց սոցիալական կայքերում: Բոլոր աղջիկները ներկայումս իրենց երկրների գլխավոր գեղեցկության տիտղոսակիրներն են, եւ ամենքն իր սոցիալական կայքում ունի շատ մեծ լսարան, ընդհուպ՝ մինչեւ 1 միլիոն հետեւորդ:

«Միսս Տիեզերք 2019» մրցույթի ընթացքում, որը կայացավ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ում, մենք շատ ընկերացել էինք եւ անտարբեր չէինք մեկս մյուսին անհանգստացնող որեւէ հարցի շուրջ: Չնայած, որ գեղեցկության մրցույթների գաղափարախոսությունները չպետք է առնչվեն քաղաքական թեմաների հետ, այնուամենայնիվ, դրանք կարող են կոչ հանդիսանալ ագրեսիայի, բռնության եւ պատերազմների դեմ: Որոշեցի իրականացնել հետեւյալ նախաձեռնությունը. դիմեցի աղջիկներին նամակով՝ հակիրճ ներկայացնելով մեր երկրի իրավիճակը, տեղեկացրի մեր ազատատենչ բանակի եւ խաղաղ բնակչության զոհերի մասին՝ կոչ անելով սատարել մեզ:

Ոմանք արդեն տեղյակ էին մեր երկրի իրավիճակից, սակայն մեծամասնությունը տեղեկացավ իմ նամակից: Հասկանում եմ այն տիտղոսակիր գեղեցկուհիների տեսակետը, որոնք չեն ուզում հակամարտող երկու երկրների մեկ կողմը բռնել եւ կամ խառնվել քաղաքական հարցերի: Մի մասնակից, օրինակ, որի հետ, ի դեպ, կիսում էինք նույն սենյակը մրցույթի ընթացքում, մերժեց՝ ասելով. «Կներես, ես ունեմ ընկերներ երկու երկրներում էլ եւ չէի ցանկանա միայն մեկին աջակցող կամ քաղաքական թեմայով որեւէ post տեղադրել»: Սակայն նրանք, ովքեր արձագանքել են եւ դեռ շարունակում են արձագանքել, կարծում եմ՝ մեծ հոգեբանական աջակցություն են ցույց տալիս մեր հայրենակիցներին եւ զինվորներին. չէ որ նրանցից ամենքը գեղեցկության, բարության եւ խաղաղության դեսպան է իր երկրում եւ ողջ աշխարհում: Նրանց կարծիքն ու խոսքը կարեւորվում է, գնահատվում եւ արագ արձագանք ստանում»,- գրել է նա:

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...