ՀՀ ՊՆ-ն նախատեսում է սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարել վարժական հավաքներ. Նոր նախագիծ

pn varjanqner

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է  սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

 

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարությունը՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

 

Վարժական հավաքներին ներգրավվելու է 786 քաղաքացի, որոնցից 524-ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,  անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ  ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով»-,-նախագծում նշել է Պաշտպանության նախարարությունը։

 

Նախարարությունը հավելել է, որ  զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների  ռազմական  հմտությունների կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա­զորա­յին­ներով: Հետագա տարիներին վարժական հավաքներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...