Մաքրելուց 10 օր անց ջրանցքն այս տեսքն ունի. Արարատի մարզպետարան

Mi axtoteq

Արարատի մարզպետարանը Ֆեյսբուքի էջով հայտնել է, որ Ազատաշեն և Խաչփար համայնքների սահմանով անցնող ջրանցքը հուլիսի 6-ին մաքրվել է կուտակված աղբից, իսկ մաքրմանը հաջորդող 10 օրերի ընթացքում ամբողջությամբ լցվել շրջակա համայնքներում բնակվող մեր քաղաքացիների կողմից գեներացված կենցաղային աղբով։

«Օրեր առաջ Ազատաշեն և Խաչփար համայնքների սահմանով անցնող ջրանցքի աղտոտվածության խնդրի հետ կապված մի քաղաքացի էր ահազանգում և պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրում այս տհաճ տեսարանի վրա։ Մարզպետարանը շատ արագ արձագանքել է և Երևան ՋՕԸ-ի Մասիսի տեղամասի օգնությամբ և միջոցներով հուլիսի 6-ին ջրանցքը մաքրվել է կուտակված աղբից։

Ստորև տեղադրված նկարներում երևում է, թե ինչպես և ինչ արագությամբ է ջրանցքը` մաքրմանը հաջորդող 10 օրերի ընթացքում, ամբողջությամբ լցվում շրջակա համայնքներում բնակվող մեր քաղաքացիների կողմից գեներացված կենցաղային աղբով։

Մենք պարբերաբար մաքրում ենք ջրանցքը` Երևան ՋՕԸ-ի Մասիսի տեղամասի օգնությամբ և միջոցներով, բայց մեր քաղաքացիներին այս պատկերը ցույց տալով` կոչ ենք անում, որ աղբը չլցնեն ջրատար առուները, քանի որ իրենց համայնքներում շաբաթը մեկ անգամ պատշաճ կերպով աղբահանություն է կատարվում։

Եվ թող հետագայում էլ նման տեսարանի ականատես լինելուց և մեղքը պատկան մարմինների վրա բարդելուց առաջ հիշեն, թե ինչի կամ ում անբարեխիղճ պահվածքի արդյունքում է այս աղբակույտը գոյանում։

Իսկ ինչ վերաբերում է քանդված կամրջին, ապա ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջիկայում կպատվիրվի նախագծանախահաշվարկային փաստաթուղթ, որի պատրաստ լինելուց և ֆինանսավորման առկայության դեպքում կմեկնարկի կամրջի շինարարությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ձեզ կհետաքրքրի...