Մանկատան 24 սանի բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն

bnakaranner

Մանկատան 24 սանի բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր ՀՀ Կառավարության նիստում։ 

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ասաց, որ 2019 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված որոշմամբ մեկնարկել է մանկատների շրջանավարտներին բնակարանի ապահովման միջոցառումը, որի շրջանակներում 300 շրջանավարտի համար նախատեսել էին բնակարանների գնման վկայագրի տրամադրում։

«Արդեն տրամադրվել է 133 շրջանավարտի, եւս 22-ի գործն այս պահին քննվում է, բայց փորձը ցույց տվեց, որ մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետեւ քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին, այն է՝ պետք է 18 տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, հանդիսանա ՀՀ քաղաքացի, սեփականության վկայական չունենա եւ վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան։ Բացի սա, մեզ դիմում են նաեւ քաղաքացիներ, որոնք մանկատան սան են, խնամվել են մանկատանը, բայց փաստացի իրավական ակտի չափանիշներին չեն համապաստախանում։ Քննելով այս գործերը՝ մենք Կառավարության անդամներին առաջարկեցինք քննարկել 24 անձի բացառության սկզբունքով տրամադրել բնակարանների գնման վկայագրեր»,- ներկայացրեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ մանկատան սաների առաջ պետության ունեցած ամենամեծ պարատավորությունը պետք է լինի կրթականը:

«Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում ապահովվի նրանց սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորությունը, եւ մարդիկ փակուղու մեջ չհայտնվեն։ Ցավոք, մենք շատ հաճախ ենք այդպիսի դեպքեր տեսնում, երբ մարդիկ մանկատունն ավարտելուց հետո, ըստ էության, հայտնվում են կյանքի փակուղում։ Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք բոլորովին նոր ուշադրություն մանկատան սաների կրթական հարցերի լուծման ոլորտում»,- ասաց վարչապետը։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...