Շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին կտրամադրի դրամաշնորհ
Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«Արմենպրեսի» փոխանցմամբ, ըստ որոշման հիմնավորման, «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կայացած բանակցությունների արդյունք է: Այն նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը և խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացումը:
Համաձայն համաձայնագրի, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական իեն դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:
Վերը նշված մեքենաների առկայությունը զգալիորեն կնպաստի հանրապետության, մասնավորապես, մարզային առողջապահության բարելավմանը և բուժօգնության հասանելության բարձրացմանը:
Հաշվի առնելով վերոհիշյալը ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է Համաձայնագրի վավերացումը: