Սնանկ ճանաչված կառուցապատողների պատճառով բնակարանային խնդիրներ ունեցողների հարցին լուծում է տրվում
Կառավարությունն ընդունեց «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշում:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն:
«Հաշվի է առնվում այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղաքացիների կողմից համարվում է ոչ իրատեսական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին: