ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

AG naxarar

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց Սերգեյ Ղազարյանին Հայաստանում Արցախի ներկայացուցչի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծեցին Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգի առավել ամրապնդման կարևորությունը և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առնչությամբ կողմերն ընդգծեցին տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:

Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:

Ձեզ կհետաքրքրի...