Շտապօգնության մեքենաների վթարների պատճառը վարորդների հոգնածությունը չէ. մյուս մեքենաները չեն զիջում․ Թագուհի Ստեփանյան

Vtarner

Հուլիսի 29-ին Երեւանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կանչի էր գնում, սակայն վթարի հետեւանքով կողաշրջվելով՝ հենց իրենց՝ մեքենայում գտնվող մարդկանց էր բժշկական օգնություն անհրաժեշտ․ շտապօգնության անձնակազմի 3 աշխատակիցը տեղափոխվել էր հիվանդանոց։

Ինչպես Երեւանի «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ ներկայացրեց, բոլոր մեքենաները կանգնել, տեղ են տվել, բայց մեկ ուրիշը լրիվ այլ շարքից մտել ու խփել է։

Ստեփանյանը համամիտ չէ, որ վերջին շրջանում իրենց մեքենաներն ավելի հաճախ են վթարի ենթարկվում: Նա նշեց, որ դեպքեր միշտ էլ եղել են։

Թեթեւ պատահարներ ընթացքում շատ են տեղի ունեցել, բայց, օրինակ, վերջին երեք տարվա ընթացքում, երբ ստացել են նոր մեքենաները, երեք խոշոր վթար է գրանցվել: Հուլիսի 29-ի դեպքն էլ դրանց մեջ է մտնում։

Երեւանի «Շտապբուժօգնություն» ընկերության վարորդներն աշխատում են 24-ժամյա հերթափոխով, այսինքն՝ աշխատում են 24 ժամ անընդմեջ, այնուհետեւ՝ հանգստանում 2 օր։

Մեր զրուցակցի կարծիքով՝ վթարների պատճառը նրանց հոգնածությունը չէ, պարզապես այլ մեքենաների վարորդներն անուշադիր են, չեն զիջում։ Իրենց մեքենաների ազդանշանները միացրած են լինում, նորմալ վարում են, սակայն դիմացի անուշադիր վարորդը գալիս խփում է։ Հոգնածություն կարող է լինել գիշերը, սակայն ոչ ցերեկվա ժամերին, երբ գրեթե նոր են եկել աշխատանքի։ Նշենք, որ հուլիսի 29-ի պատահարը տեղի էր ունեցել ժամը 14։30-ին։

Թագուհի Ստեփանյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց վարորդները եւ բրիգադի աշխատակիցները չեն ցանկացել 12 ժամով աշխատել, քանի որ իրենց ավելի հարմար է 24 ժամ աշխատելուց հետո 2 օր հանգստանալ։

Նա առիթն օգտագործեց ու եւս մեկ անգամ կոչ արեց, որ մարդիկ լինեն ավելի ուշադիր հատուկ ծառայության մեքենաների նկատմամբ, ոչ միայն շտապօգնության, այլ նաեւ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 29-ին վթարի ենթարկված շտապօգնության մեքենայի վարորդը նախապատրաստվում էր վիրահատության, անձնակազմի բուժքրոջ մոտ առկա են կոտրվածքներ, իսկ բժիշկը դուրս էր գրվել դեռ երեկ։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...