ԵՊՀ 7 հոգանոց թիմը մաթեմատիկայի միջազգային օլիպիադայում 5 ոսկե, 2 արծաթե մեդալ է նվաճել
Արդեն քանի տարի է՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողների խումբը միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադայից դատարկաձեռն չի վերադառնում․ այս անգամ նրանք 5 ոսկի, 2 արծաթ են նվաճել։
Հուլիսի 27-ին ավարտվել է 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան։ Այն այս տարի, համավարակով պայմանավորված, առաջին անգամ առցանց է անցկացվել, որին Հայաստանից մասնակցել է միայն ԵՊՀ 7 հոգանոց թիմը։
Թիմի ղեկավարներից Վազգեն Միքայելյանը, որը եւս 2017 թվականին այս օլիմպիադայի ոսկեմեդալակիր է դարձել, մեզ պատմեց, որ օլիմպիադան բաղկացած է եղել 2 փուլից, օրական 4 խնդիր են լուծել մասնակիցները, որոնք ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետներից են։
Վազգենի խոսքով՝ IMC-ն, որն իրականացվում է 1994թ.-ից, աշխարհում շատ ճանաչված է, ուսանողական օլիմպիադաներից ամենամեծ ռեյտինգ ունեցողներից մեկը։ Այն ոչ թե երկրների, այլ համալսարանների միջեւ է անցկացվում, այսինքն՝ մեկ երկրից կարող են մի քանի համալսարանի ուսանողներ ներկայանալ։ Այս տարի 134 տարբեր համալսարաններից ներգրավված էին 546 ուսանող։
Հայաստանից, որը 2005-ից սկսած՝ ամեն տարի մասնակցում է, հիմնականում ներկայացված է լինեւմ ԵՊՀ թիմը, չնայած եղել են տարիներ, որ Հայաստանի ամերիկյան եւ Հայ-ռուսական համալսարաններից ուսանողներ են մասնակցել։
ԵՊՀ թիմի արդյունքները տարեց տարի լավանում են, հատկապես՝ այս անգամ։
«Եթե վիճակագրությամբ նայենք, մինչեւ 2016 թվականը ներառյալ ԵՊՀ թիմը ընդհանուր առմամբ չորս ոսկե մեդալ է ունեցել, հետո սկսել են շատանալ ոսկե մեդալները»,- նշեց թիմի ղեկավարը՝ հավելելով, որ արդեն, օրինակ, 2017-ին երկու ոսկե մեդալ է եղել։
Մինչեւ IMC-ն մեր ուսանողները պարապել են: Նախ ամիսներ առաջ ԵՊՀ-ում նախընտրական օլիմպիադա է եղել, լավ արդյունքներ գրանցած ուսանողներից ընտրվել են 7-ը, որոնց հետ էլ սկսել են 1-1,5 ամիս տեւող պարապմունքները։
Հեռավար օլպիադային մասնակցելն ավելի հե՞շտ է, թե՞ բարդ: Հարցին Վազգենը միանշանակ պատասխան չտվեց. մարդիկ կան, որ լավ տրամադրվում են այն ժամանակ, երբ այլ՝ խիստ միջավայրում նստած գրում են, մարդիկ էլ կան՝ տանը միայնակ ավելի հանգիստ են մտածում։
Ստորեւ մեդալի արժանացած ուսանողների անունները՝
Ոսկե մեդալ՝ Արսեն Համբարձումյան, Վահան Մարտիրոսյան, Վահագն Ալթունյան, Սեւակ Աբրահամյան, Իշխան Էլազյան։
Արծաթե մեդալ՝ Վահե Կարագուլյան, Արման Բայրամյան։
armtimes.com