Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել

Beyrut

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ նա բուժքույր էր և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն:

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:  

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:  Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Ձեզ կհետաքրքրի...