Մակրոնի այցից հետո ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

cuycer Beyrutum

Օգոստոսի 6-ին Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքող ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել: Ագրեսիվ ցուցարարների խմբերը փորձել են ճեղքել պահպանաջոկատը եւ ներխուժել խորհրդարանական պալատ Փլյաս Էթուալ հրապարակում: Բռնկված բախումների ընթացքում երկու կողմից վիրավորներ կան, որոնց տանում են շտապօգնության ավտոմեքենաներով, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

 

Ցուցարարները հարձակվել են իրավապահ մարմինների շարքերի վրա հարեւան Պլյաս դե Մարթիր հրապարակում` An Nahar թերթի եւ քաղաքապետարանի մոտակայքում: Ընդ որում, նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր եւ մոլոտովի կոկտեյլներ էին նետում:

Ցուցարարներն առաջին անգամ Բեյրութի փողոցներ էին դուրս եկել օգոստոսի 4-ին ծովային նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո, որը ողբերգական հետեւանքների էր հանգեցրել: Վերջին տվյալներով` պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է հարյուրավոր կառույցներ եւ բնակելի շենքեր, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Զոհվել է 145 մարդ, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:

 

Ըստ Daily Star պարբերականի` ակտիվիստիներին, որոնք պահանջում են Հասան Դիաբի կառավարության հրաժարականը, ոգեւորել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Բեյրութ: Երբ Ֆրանսիայի առաջնորդն այցելեց  Ջումեյզե պատմական թաղամաս, որտեղ բազմաթիվ ավերված տներ կան, նրան դիմավորեց ցուցարարների բազմությունը: Նրանք ողջունում էին Մակրոնին` վանկարկելով «Կեցցե Ֆրանսիա» կարգախոսը:

Շփվելով ակտիվիստների հետ` Մակրոնը խոստացել էր, որ Լիբանանը միայնակ չի մնա պատահած ողբերգությունից հետո:

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...