Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ.-ի հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին:
Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը:
Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: