ՄԻԵԴ-ում սպասվում է 6 տարի առաջ Ադրբեջանում խոշտանգված ու կյանքից զրկված Կարեն Պետրոսյանի գործով վճիռը

geri

Սպասվում է Եվրոպական դատարանի վճիռը Ադրբեջանում հայտնված և խոշտանգված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործով:

6 տարի առաջ այս օրը Բաքուն հայտարարել էր, թե Կարեն Պետրոսյանն իբրև հանկարծամահ է եղել սրտանոթային անբավարարության հետևանքով:

Ադրբեջանը հայ տղայի դին Հայաստանին էր հանձնել ամիսներ անց` հոկտեմբերի 10-ին:  Ստրասբուրգի դատարանը կոմունիկացրել է գործը՝ վիճարկվող բոլոր հոդվածներով: Կարեն Պետրոսյանի ընտանիքի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են փաստաբան Քրիստինա Գևորգյանը, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Լարիսա Ալավերդյանը:

Քրիստինա Գևորգյանը «Լուրերին» ասել է նաև, որ դատարանին խնդրել են պարտավորեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ համարժեք այլ մեխանիզմի կիրառում՝ քաղաքացիական և ռազմագերիների կյանքի պաշտպանության նպատակով: Ըստ Գևորգյանի՝ ակնկալում են` ՄԻԵԴ-ը կբավարարի իրենց պահանջն ամբողջությամբ, կճանաչի Կարեն Պետրոսյանի իրավունքների խախտումները։  

Կարեն Պետրոսյանը 2014 թ. օգոստոսի 7-ին վառելափայտ հավաքելու ընթացքում կորել և սխալմամբ հատել էր Ադրբեջանի կողմից հսկվող սահմանը, հասել ադրբեջանական Աղբուլաղ գյուղ, Ադրբեջանի ռազմական ուժերը ձերբակալել էին նրան:

«Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից:

Առկա փաստերը վկայում են, որ Կարեն Պետրոսյանը Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից ձերբակալման պահից պահվել է արտաքին աշխարհից մեկուսացված, ինչից հետո ենթարկվել է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի Ադրբեջանի իշխանությունների կամ նրանց գործակալների կողմից, ներառյալ հրապարակայնորեն նվաստացման»,- «Լուրերին» ասել է Քրիստինա Գևորգյանը և հույս հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը պարտադրված է լինելու ՄԻԵԿ-ի 46-րդ հոդվածի համաձայն (ինչպես նաև Դատարանի վճռի օպերատիվ դրույթով ամրագրված) իրականացնել արդյունավետ քննություն, ներառյալ, բայց չսահմանափակվել միայն մահվան հանգամանքներով և մինչ մահը Կարեն Պետրոսյանին հասցված վնասների մասով:

Ըստ իրավաբանի՝ սպասվող որոշումը կարևոր է կոմունիկացված մյուս գործերով՝ Մամիկոն Խոջոյանի, Նարեկ Սարդարյանի, Կարեն Ղազարյանի իրավախախտումների վերաբերյալ դիմումների ելքի իմաստով: Եթե կայացվեն նախադեպային որոշումներ, ըստ Քրիստինա Գևորգյանի, «Ադրբեջանը չի կարողանա խուսափել և ուղղակի պարտադրված կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ, քրեական գործեր հարուցել և դրանց շրջանակներում ստիպված կլինի ներկայացնել փաստեր և ապացույցներ, որ ձերբակալված անձինք դիվերսանտ են, ինչպես որ նրանք ամբողջ աշխարհին են ներկայացնում մեր հայրենակիցներին ձերբակալելուն պես։ Հուսով ենք, որ որոշ չափով նաև կկանխվեն մեր հայրենակիցների խոշտանգումները Ադրբեջանի իրավասության ներքո գտնվելու ժամանակ»։ 

Հեղինակ`Մայա Խաչատրյան

Ձեզ կհետաքրքրի...