Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը վճռականապես հանդես չգար Սևրի պայմանագրի դեմ. Կարեն Խաչատրյան

Zarmanali kliner

«Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողովին ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը ներկայացրեց «Սևրի պայմանագիրը և Ռուսաստանը» թեմայով իր գիտական զեկույցը:

Կարեն Խաչատրյանի խոսքով՝ թուրքական պատմագրությունը կեղծել ու շարունակում է կեղծել ոչ միայն սեփական, այլև տարածաշրջանի ժողովուրդների ու համաշխարհային պատմությունը և այսօր՝ Սևրի պայմանագրից 100 տարի անց, հայ պատմաբանները պարտավոր են անել այն, ինչ արել են անկախության վերջին տարիներին՝ փորձել ճշմարիտ և իրատեսորեն ներկայացնել պատմական անցյալը, պատմության դասերը, նաև Սևրի դասերը:

«Այո՛, Սևրի պայմանագիրը շատ կարևոր, ճակատագրական, պատմական նշանակություն ունի մեր ժողովրդի կյանքում: Այդուհանդերձ, մենք պետք է հաշվի նստենք, որ Սևրի պայմանագիրը միջազգային փաստաթուղթ էր և առնչվում էր տարբեր պետությունների և ժողովուրդների ճակատագրերի հետ»,- նշեց Խաչատրյանը:

Պատմաբանի խոսքով՝ առաջին համաշխարհային պատերազմը ինչքան աղետալի էր ամբողջ աշխարհի, այդքան էլ ռուսական կայսրության և նրա ժողովրդի համար: 1917 թ. հեղափոխության արդյունքում միապետության անկումից և երկրում խորհրդային կարգեր հաստատելուց հետո Ռուսաստանում սկսվեց օտարերկրյա ներխուժմամբ ուղեկցվող կործանարար քաղաքացիական պատերազմ:

«Միայն 1918 թվականի Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Ռուսաsտանը կորցնում էր մոտ 1 միլիոն ք.կմ տարածք: Նույն թվականին Անդրկովկասյան սեյմը Ռուսաստանից անկախ դաշնային հանրապետություն հայտարարեց նաև Անդրկովկասը: Անջատվելով Ռուսաստանից՝ տարածաշրջանը, նաև Հայաստանը, աստիճանաբար ներքաշվեցին Թուրքիայի և Արևմուտքի ազդեցության վիճաբանության ոլորտը:

Բայց Ռուսաստանը՝ ցարական, թե խորհրդային, չէր կարող հաշտվել իր համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանի կորստի հետ, տարածաշրջանի, որին տիրապետելու համար դեռևս 18-րդ դարից սկսած վճռական քայլերի և զոհողությունների էր դիմել: Կովկասը և Անդրկովկասը կորցնելու դեպքում Ռուսաստանը վտանգում էր բուն երկրի հետագա գոյությունը: Կասկածից վեր է, որ խժռելով հայակական սեպը, քաղաքական քարտեզից վերացնելով հայկական պետությունը, Մեծ Թուրանը կլանելու էր նաև Ռուսաստանի զգալի տարածքներ»,- նշեց Խաչատրյանը:

Պատմաբանի խոսքով՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս թողնելուն կողմ էին նաև դաշնակիցները, որոնք աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու համար 1919-ի սկզբից հավաքվել էին Փարիզում՝ Խաղաղության վեհաժողովի: Նրանք միակարծիք էին, որ Ռուսաստանում խորհրդային իշխանության վերջնական հաղթանակի դեպքում պետք է նպաստել երկրի հետագա մասնատմանը, դուրս մղել նրան միջազգային ասպարեզից:

«Սևրի պայմանագիրը եկավ հաստատելու տարածաշրջանում նոր աշխարհակարգի ձևավորումը, որից նպատակասլաց դուրս էր մղվում տարածաշրջանում պատմականորեն որոշիչ դերակատարում ունեցող ռուսական գործոնը: Ուստի զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, անգամ՝ խորհրդային, վճռականապես հանդես չգար Վերսալյան նոր աշխարհակարգի և առաջին հերթին՝ Սևրի պայմանագրի դեմ, սակայն ոչ թե այն պատճառով, որ այն ուղղված էր Թուրքիայի շահերի դեմ, այլ արմատապես հակասում էր իր շահերին և ոչ այնքան և ոչ միայն հայկական հարցում: Իհարկե, Ռուսաստանին դժվար էր համակերպվել, որ հայերը և ոչ միայն, իրենց անկախությունը ստանում են «Անտանտի» այլևս հակառակորդների օգնությամբ և դրանով իսկ հայտնվում վերջիններիս ազդեցության ոլորտում: Սակայն Ռուսաստանին առավել մտահոգում էր Մերձավոր արևելքից, Կովկասից, Անդրկովկասից, Բալկաններից անվերադարձ դուրս մղվելու իրական և կործանարարա հեռանկարը»,- նշեց Խաչատրյանը:

Ըստ Սևրի պայմանագրի՝ սևծովյան նեղուցները պետք է ապառազմականացվեին և դրվեին արևմտյան դաշնակից պետությունների վերահսկողության և կառավարման ներքո: Նեղուցները բաց էին համարվում ինչպես դաշնակից տերությունների առևտրական, այնպես էլ ռազմական նավերի համար:

«Անքննարկելի է, որ նեղուցների այդ կարգավիճակը անչափ վտանգում է Ռուսաստանի անվտանգությունը: Իր դեմ պատերազմի դեպքում դաշնակից պետությունները անվերահսկելի մուտք էին ունենալու դեպի Սև ծով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այսպիսով, Սևրի պայմանագիրը զրկում է Ռուսաստանին նեղուցների իրավական կարգավիճակի որոշմանը նաև վերահսկողությանը մասնակցելու իր պատմական իրավունքից՝ նրան փաստացի անկյուն դնում, զրկում աշխարհակալական բոլոր նկրտումներից»,- ասաց Խաչատրյանը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Ձեզ կհետաքրքրի...