Զինված ավազակություններ Ալավերդիում. տեղի իրավապահների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հանցագործությունները բացահայտվել են

Alaverdium

Օգոստոսի 1-ին և 10-ին Ալավերդի քաղաքում ավազակային հարձակումներ էին կատարվել։ Օգոստոսի 1-ի առավոտյան գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու հոգի մտել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը, դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել էին բացել ոսկյա և արծաթյա զարդերի պահարանի դուռը։ Այդ ընթացքում նրանից մեկը հրազենով կրակել էր գետնին։ Նրանք, չկարողանալով բացել դուռը, փախել էին։ Օգոստոսի 10-ին էլ երկու հոգի, դարձյալ դիմակներով ու ձեռնոցներով, մտել էին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի խանութներից մեկը, փակել էին տիրոջ բերանն ու աչքերը, սպառնացել ու հափշտակելով ոսկյա զարդեր՝ պատճառել մի քանի միլիոն դրամի վնաս։ Դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր։ Ծանր հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի և տարածքային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ և քննչական գործողություններ։ Արդյունավետ համագործակցության շնորհիվ ավազակային հարձակումների բացահայտմանը ներգրավված իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երկու դեպքում էլ խանութ են մտել նույն անձինք, որոնցից մեկը Ալավերդիում բնակվող 22-ամյա մի երիտասարդ է։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, նախ որպես կասկածյալ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։ Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները օպերատիվ կերպով պարզեցին կալանավորված երիտասարդի հանցակցի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Ալավերդիում բնակվող 21-ամյա երիտասարդը նույնպես հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններով հայտնաբերվել և առգրավվել են ավազակային հարձակման ժամանակ կալանավորված երիտասարդի վերնազգեստը, ինչպես և հագուստի մոխրացած մնացորդներ. հագուստը երիտասարդները այրել էին հետքերը թաքցնելու նպատակով։ Հայտնաբերվել և առգրավվել են նաև հանցագործության գործիք ատրճանակը, մեկփողանի հրացանն ու հափշտակված ոսկյա զարդերը։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...