Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է իրեն Բելառուսի նախագահ հռչակել. մամուլի խոսնակ

Nakhagah

Բելառուսում ընդդիմությունից նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի նախագահ է հռչակելու, այս մասին գրում է լեհական Rzeczpospolita հրատարակությունը՝ հղում տալով թեկնածուի մամուլի քարտուղար Աննա Կրասուլինային։ 

Նշվում է, որ ընդդիմադիր թեկնածուի շտաբում հույս ունեն, որ արևմտյան երկրներն իրենց աջակցությունը կհայտնեն և նրան որպես պետության ղեկավար կճանաչեն։ 

Տիխանովսկայայի աջակիցները խոսել են նաև Բելառուսի քաղաքներում խաղաղ ցույցերի զանգվածային բնույթի մասին և ընդգծել, որ դաժան կերպով դրանք ցրելն այլևս երբեք չպետք է կրկնվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմության թեկնածու Տիխանովսկայան երկրում իշխանության փոխանցման համար Համակարգող խորհրդի ստեղծում է նախաձեռնել և եվրոպական երկրներին կոչ արել օգնել բելառուսական իշխանությունների հետ երկխոսության կազմակերպման հարցում։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...