Ամուսինս և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք. Տիխանովսկայա

Tixanovskaya

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել, նոր տեսաուղերձ է ձայնագրել, որով այժմ մեկուսարանում գտնվող բլոգեր ամուսնուն՝ Սերգեյին, շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ամուսինս՝ Սերգեյ Տիխանովսկին, խնդրում է, որ ձեզ փոխանցեմ իր բառերը։ Նա և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք, այլ ամեն բան անեք, որ լավ ապրեք»,- նշել է նա և հավելել, որ ամուսնուն մեղադրում են հանցագործության համար, որը նա չի գործել։ 

Սերգեյ Տիխանովսկին բլոգեր է, որն այս տարվա գարնանը փորձել է նախագահ դառնալու համար իր թեկնածությունն առաջադրել, սակայն գրանցման փուլում մերժում է ստացել։ Դիմումների ընդունման վերջնաժամկետից առաջ իր փաստաթղթերն է ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիխանովսկայան նախօրեին հայտնել է, որ մինչ նոր ընտրությունների անցկացումը պատրաստ է երկրի ազգային առաջնորդը դառնալ։ 

«Պատրաստ եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել և այդ ժամանակահատվածում որպես ազգային առաջնորդ հանդես գալ, որպեսզի երկիրը հանգստանա և իր սովորական ռիթմին վերադառնա»,- պարզաբանել է նա։ 

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ 

auroranews.am

 

Ձեզ կհետաքրքրի...