Բժիշկներն իսկապես զբաղվում են նրա կյանքի փրկությամբ. բժիշկն Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին նոր մանրամասներ է հայտնել

Navalnii kyanqy

ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, որտեղ օգոստոսի 20-ին տեղափոխվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, պատմել է գործչի առողջական վիճակի մասին, գրում է meduza.io-ն։

«Հիվանդի վիճակը կայուն է, ինտենսիվ թերապիան շարունակվում է։ Ստացվել են մի քանի տասնյակ ուսումնասիրություններ արյան վիճակի, գլխուղեղի աշխատանքի և այլ օրգանների ու համակարգերի մասին։ Բուժումը շարունակվում է, փա՛ռք Աստծո, մենք ունենք այդպիսի հիվանդների բուժման համար մասնագիտացած կենտրոն։ Բժիշկներն իսկապես զբաղվում են նրա կյանքի փրկությամբ»,-լրագրողներին հայտնել է նա։

Ընդ որում՝ Կալինիչենկոն հրաժարվել է հայտնել Նավալնիի ախտորոշման կամ անալիզների արդյունքները։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: 

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։

 

 

 

 

 

 

 

auroranews.aam

Ձեզ կհետաքրքրի...