Վարորդական իրավունքի վկայականի տրման կարգի փոփոխություններ են նախատեսվում

Vkayagir

Վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ են նախատեսվում: Ապագա վարորդ Նարինեն դեռ չգիտե՝ քննությունը կանցնի հի՞ն, թե՞ նոր կարգով: Քննության օրը դեռ հայտնի չէ: Վարորդական դասընթացների փուլում է: Կառավարության համապատասխան որոշմանը տեղյակ լինելով՝ ասաց՝ եթե անգամ քննական նոր կարգը բարդ թվա, այն նախատեսված է ի նպաստ երթևեկության անվտանգության:

«Ես միայն կողմ եմ ավելի երկար ուսուցմանը և ավելի մանրամասն ուսուցմանը, որն  ավելի ապահով կդարձնի մեր ճանապարհատրանսպորտային երթևեկությունը և ավելի կկրթի նոր սերնդի վարորդներին»,- ասաց Նարինե Հարությունյանը:

Կառավարության մարտի 26-ի որոշմամբ վարորդական վկայական ստանալու քննությունների թե՛ տեսական, թե՛ գործնական փուլում փոփոխություններ կլինեն: Նոր կարգը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ից:

1lurer.am-ի հետ զրույցում ավտոդպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ Իրավաբանների ասոցիացիայի, մի քանի ավտոդպրոցի ներկայացուցիչների, Ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքային խումբ են կազմել և ստեղծել առաջարկությունների փաթեթ, որից հետո ստեղծվել է օրենքի նախագիծ:

Արտաշես Ստեփանյանը ներկայացրեց, որ գործող կարգով տեսական հարցաշարում կա մոտ 620 հարց: Պայմանական սկզբունքով համակարգչում բացվում է տասը հարց, և վարորդի թեկնածուն 9 ճիշտ պատասխանի դեպքում առաջին փուլը հաղթահարում է: Նոր կարգում այլ կանոններ են նախատեսվում:

«Կրկնապատկվում են հարցերը, մոտավորապես դառնում է շուրջ 1200 հարց, և արդեն ոչ թե 10-ից 9-ի պատասխանը պիտի ճիշտ լինի, այլ համակարգիչը կբացի 20 հարց, որից 18-ին է պետք ճիշտ պատասխանել»,- ասաց Ստեփանյանը:

Եթե այսօր գործնական քննությունը B, B1 դասերի, թեթև մարդատար, մինչև 3.5 տոննա կշռող ավտոմեքենաների համար անցկացվում է քննական հրապարակում, ավտոդրոմում, նոր փոփոխություններով նախատեսվում է այն իրականացնել իրական երթևեկության պայմաններում:

«Բայց նույն ընթացքում 3.5 տոննա և ավել կամ, ինչպես ժողովրդական լեզվով են ասում, C կարգի վարորդական իրավունք ունենալու համար երկու քննություն պետք է լինի գործնական: Մեկ քննությունը պետք է անցնի  ավտոդրոմում, մյուսը՝  իրական երթևեկության պայմաններում»,- ասաց Ստեփանյանը:

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պարտադիր կլինի նաև առողջության վերաբերյալ բժշկի տեղեկանքը: Մոպեդ վարողների համար ևս վարորդական իրավունք ունենալու պահանջ կսահմանվի: Ստեփանյանն ընդգծեց, որ նման փոփոխությունները կնպաստեն վստահելի վարորդներ ունենալուն ու հնարավոր չափ ճանապարհային պատահարներից խուսափելուն:

«Երթևեկության մեջ շատանում են նման փոխադրամիջոցները և նրանք ևս պետք է ունենան  վարորդկան իրավուքնի վկայական»,- ասաց Ստեփանյանը՝ նշելով, որ Հաշվիչ քննիչ բաժանմունքներում հերթերի այժմյան կուտակումները հիմնականում պայմանավորված են հանգամանքով, որ, օրինակ` համավարակով պայմանավորված լոքդաունի ընթացքում  չեն աշխատել:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...