Ջավախքում գյուղացիների ու եկվոր ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել

baxumner javaxqum

 Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել:

Jnews լրատվականը փոխանցում է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ՔՕ-ի միանգամից երկու հոդվածով, կան վիավորներ և ձերբակալվածներ:

Նշվում է, որ Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոքսով՝ իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:

Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը լրատվականին պատմել է. «Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները, տեսանք, որ թուրքերը ոչխարներ էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց: Հետո իրենք խումբ հավաքեցին և եկան մեզ վրա հարձակվեցին: Իրենք մոտավոր 3-4 մեքենայով էին, մենք էլ շատ էինք, բայց գործ էինք անում. մի մասը քաղ էր անում, իսկ մյուսները կանգնած էին, եկան երկաթե ու փայտե մահակներով հարձակվեցին: Այնպես է ստացվել, որ մերոնցից մի 3 հոգի ձերբակալված է: Ես չգիտեմ՝ իրենց կողմից ձերբակալված կա, թե ոչ: Կռիվը եղել է յայլաներում: Մենք արդարություն ենք ուզում, ուզում ենք ճշտել, թե ով է նրանց դուխ տվել, որ իրենք այդպիսի քայլեր են անում, ժողովրդի վրա են հարձակվում, նույնիսկ վրաց սահմանապահներին էին խփում»:

Թորիայի բնակիչների խոսքերով՝ իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ նաև երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:

Ըստ գյուղացիների՝ նախկինում անասուններ արածեցնող եկվորների հետ խնդիր չի եղել, և սա առաջին լուրջ միջադեպն է, որի մասին արդեն բոլորը գիտեն:

Երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով, ինչը ենթադրում է բռնություն: Ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...