«Հայփոստ» ընկերությունը մտադիր է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում. Արշակյան

Chinastanum

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց 2020 թվականին իրականացված ծրագրերը: Նախարարը շեշտեց, որ համավարակը ոչ միայն չի խոչընդոտել նախարարության կողմից ենթակառուցվածքների ձևավորման գործընթացի իրականացմանը, այլ նաև գերատեսչությունը կարողացել է հաջողությամբ իրագործել իր առջև ծառացած մարտահրավերները:
«Բացառություն է կազմում միջազգային ցուցահանդեսներին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների ներկայությունը տաղավարներով: Հասկանալի պատճառներով, այդ միջոցառումները մեծ մասամբ չեղարկվել են, և որոշակի սահմանափակումներ կան տեղաշարժերի հետ կապված: Մենք լայն թափով կշարունակենք այս ծրագիրը և մարտավարությունը և՛  համավարակի որոշակի մեղմացումից և՛  կիրառվող սահմանափակումների մեղմացումից  հետո»,- ասաց Արշակյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ համավարակի ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված՝ պետական աջակցության 17-րդ դրամաշնորհային ծրագիրը: Առաջին դրամաշնորհային մրցույթին ընդհանուր բյուջեն կազմել է 22 միլիոն դրամ և տրամադրվել է 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին: Դրանց շրջանակում որոշ սարքեր են նախագծվել, այժմ էլ, նախարարի տեղեկացմամբ, որոշները արտադրության փուլում են և կապված են օդի ախտահանման, օզոնային սարքերի պլատֆորմների հետ: 
«Պետական աջակցության 17-րդ միջոցառման շրջանակում հայտարարվել են դրամաշնորհային երեք խումբ մրցույթներ՝ համապատասխանաբար՝ 330, 460 և 90 միլիոն դրամ մրցութային բյուջեներով, նորարարական դրամաշնորհներ՝ մինչև 10 միլիոն դրամի չափով՝ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար: Ստացվել է 141  հայտ, որից գնահատման փուլում են 117-ը, անվավեր է ճանաչվել 24-ը: Երկորոդ փուլի արդյունքում հաղթող է ճանաչվել 35 ընկերություն, որոնցից երկրորդ ներկայացման՝ փիչինգի փուլի արդյունքներն ամփոփման փուլում են»,- ասաց Արշակյանը:
Նախարարը հայտնեց, որ 2020 թվականին՝ նախորդ 8 ամիսների ժամանակահատվածում, 134 նորաստեղծ ընկերություն հարկային արտոնություններ են ստացել, ևս 11 ընկերություն գտնվում են հավաստագրման գործընթացում: Ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020 թթ. եղել է 364, որոնք ստեղծել են 960 աշխատատեղ: Մշակվել է ՀՀ թվայնացման 2020-25 թթ. ռազմավարության նախագիծը, և սահմանվել են թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները: Արշակյանն ընդգծեց, որ ընթացիկ փուլում են թվայնացման գործընթացների և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման գործընթացները: 
«ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կառավարման զարգացման E-Government Development Index հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվականին 2018-ի նկատմամբ բերելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել ամենամեծ առաջընթացներից մեկը Ասիական տարածաշրջանում: 87-րդ տեղից բարելավել է դիրքը՝ մինչև 68-րդ»,- ասաց Արշակյանը:  
Հեռահաղորդակցության և փոստի ոլորտին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ համավարակի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ հեռահաղորդակցության ընկերությունների մասնակցությամբ: Հայաստան մուտք գործող  քաղաքացիներին ինքնամեկուսացման գործընթացը կազմակերպելու նպատակով բջջային հեռախոսակապի ծառայությունների տրամադրման աշխատանքներ են իրականացվել:
Մշակման փուլում է «Հայփոստ» ընկերության զարգացման նոր ռազմավարությունը: Նախարարն ընդգծեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը:
«Ներդրվել է հիբրիդային փոստի ծառայությունը, որն էականորեն նվազեցնում է պետական ռեսուրսների ծախսը: «Հայփոստ» ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում: Ընթացքի մեջ են ՌԴ-ի հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են բազմաթիվ նոր փոստային լոգիստիկ ծառայություններ, այդ թվում՝ ներքին գների հիման վրա Հայաստան-Ռուսաստան միջանցքով փոստային փոխանակումների իրականացումը»,- ասաց նախարարը:
Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...