ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ
ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ
▪️Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:
▪️Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:
▪️Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով:
▪️Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:
▪️Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը: