«Աջափնյակ» ունիվերսամի շենքի ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Qaxaqapetar

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի կողմից խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև ապացույցները կեղծելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2003թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարը, /վարչության պետ/ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը գնահատված արժեքից էականորեն ցածր՝ ընդամենը 22.500.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել է նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Սահակյանի օգտին, որից հետո վերջինս, վճարելով նշված գումարը, ձեռք է բերել նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:   

Նշված գույքի ձեռքբերումից հետո՝ 2003թ. հունիսի 26-ին,  Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով ունիվերսամի վերակառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման, ավտոկայանատեղերի կազմակերպման, բարեկարգման և կանաչապատման նպատակով լրացուցիչ տրամադրել մոտ 3600 քմ հողամաս և ճանաչել հողի սեփականության իրավունքը: Նշված դիմումի հիման վրա՝ 2003թ. սեպտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշման համաձայն՝  Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքի զբաղեցրած 7470 քմ մակերեսով  հողամասը և ևս 3880 քմ հողամաս՝ վարձակալական հիմունքներով և գնման նախապատվության իրավունքով, տրամադրվել են Տիգրան Սահակյանին: Վարձակալության պայմանագրերը կնքվել են 2004թ. փետրվարի 10-ին: ՀՀ կառավարության՝ 24.12.2003թ. թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված հողատարածքների կադաստրային արժեքներում նշված կարգավորումների համաձայն՝ Տիգրան Սահակյանի կողմից վարձակալած հողատարածքների կադաստրային արժեքը կազմել է ընդհանուր 51.347.400 ՀՀ դրամ, իսկ նախկին կարգավորումների համաձայն՝ նշված հողատարածքների կադաստրային արժեքը կազմել է 16.623.437 ՀՀ դրամ:

Տիգրան Սահակյանը, խաբեությամբ  նշված տարածքները մինչ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման ընդունման ժամանակ գործած սակագներով ձեռք բերելու նպատակով, քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու դիտավորությամբ, իր ներկայացուցչի միջոցով հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հողամասերը ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն, և օտարման գին սահմանել մինչ ՀՀ կառավարության 24.12.2003թ. թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործած կադաստրային արժեքները: Որպես հայցադիմումում նշված փաստական տվյալների հիմնավորում՝ Տ. Սահակյանը դատարանին ներկայացրել է կեղծ ապացույցներ, այն է՝ 10.02.2004թ. կնքված պայմանագրերի փոխարեն ներկայացրել է 10.02.2003թ. կնքված կեղծ պայմանագրեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալը, պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով ապահովել քաղաքապետարանի շահերի պաշտպանությունը դատարանում, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Արման Գալուստի Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ, հայցադիմումում նշված կեղծ փաստական տվյալների վերաբերյալ առարկություն չի ներկայացրել դատարանին, այլ նույն վարչության առաջին կարգի մասնագետի հետ պատասխանել են, որ հարցի գնահատումը և ըստ էության լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը, որի արդյունքում ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա՝ դատարանն ի օգուտ Արման Սահակյանի եղբոր՝ Տիգրան Սահակյանի, կայացրել է վճիռ: Նույն վարչության պետը, քաղաքապետարանում վարչության պետի պաշտոնում աշխատող Արման Գալուստի Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, բողոք չի ներկայացրել վերաքննիչ դատարան՝ ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա՝ ի օգուտ վերջինիս եղբոր՝ Տիգրան Սահակյանի կայացված՝ դատարանի 2004թ. ապրիլի 9-ին կայացված վճռի դեմ։

Արդյունքում՝ պետությանը որպես հողամասի կադաստրային արժեք վճարման ենթակա 51.347.400 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 16.623.437 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով 34.723.963 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։   

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի           (ապացույցները կեղծելը) 1-ին մասով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ նույն վարչության աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...