Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքի 5 բնակչի թունավորման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքի 5 բնակիչների թունավորման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020թ. օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել և առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ: Ըստ մասնակիցների հայտարարությունների` թունավորված անձինք գործածել են նշված հեղուկը:
Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: