Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին. փոխնախարարը մանրամասնեց աշխարհազորի նպատակները
Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին: Մենք ենթադրում ենք, որ համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Դա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ աշխարհազորում նախատեսում են կցագրել մինչև 70 տարեկան անձանց, որոնց հետ պարբերաբար որոշակի վարժանքներ են իրականացվելու, իսկ զորակոչվելուց և զինծառայողի կարգավիճակ ստանալուց հետո քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից:
Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Նորայր Շողիկյան