Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել եւս երկու անձի

meghadranq

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, որպես քրեական հեղինակություն հայտնի Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել նույն հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու Հ. Ա.-ին եւ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ Հ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար, իսկ Զ. Պ.-ին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Քննիչի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանին. նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, երեկ մերժել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2020 թվականի փետրվարի 24-ին Սամվել Մկրտչյանը ՔԿՀ-ի՝ տվյալ օրվա հերթափոխային ծառայությունում ընդգրկված, հերթապահ խմբի պատասխանատու Ս. Ա.-ին հանձնարարել է Վահագն Աբգարյանին խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, Ս. Ա.-ի ուղեկցությամբ գնացել ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ եւ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք. «Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ ՔԿՀ պետը հերթապահ Հ. Ա.-ին և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք եւ կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում, Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող՝ վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կալանավոր Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու եւ սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։

Լուսանկարում՝ Վահագն Աբգարյանը

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...