Ժողովուրդ, այդ երկրի կանոններն են. ԱԳ նախարարը հանդիպեց ՌԴ մեկնելու պահանջով քաղաքացիներին
Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով քաղաքացիները Կառավարության բակից քայլերթով մեկնեցին ԱԳՆ-ի շենք՝ բողոքի ակցիան շարունակելու, որտեղ նրանց հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարն ասաց, որ այս պահին էլ ՌԴ-ի հետ Հայաստանը բանակցություններ ու քննարկումներ ունենում է, սակայն չի կարող ասել, թե երբ կբացվեն սահմանները։
«Բազմաթիվ օրինակներ կան, բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ՌԴ քաղաքացի հանդիսացողները ասել են՝ ուզում ենք գնալ, Վրաստանն ասում է՝ չենք թողնելու որ մեքենաներով անցնեք։ Կազմակերպել ենք, միասին պայմանավորվել ենք, որ ինչ-որ մի կարգավիճակով մի բան ստեղծենք, բայց դա ՌԴ քաղաքացիներ են եղել եւ նրանց թույլ են տվել։ Հիմա այս դեպքում թույլ չեն տալիս, ոչ քաղաքացիներին։ Ժողովուրդ, այդ երկրի կանոններն են։ Բացի Հայաստանից կան 192 այլ երկիր։ Խնդրում եմ, հստակ լինենք, ես դատարկ խոստում ձեզ չեմ տալիս։ Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Դուք եկել ու ասում եք՝ ուզում ենք Ռուսաստան գնալ, հասկացեք ամեն մեկը փորձում է այս խնդիրը լուծել»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ Բելառուսում նույնպես համավարակը չի նահանջում, սակայն ՌԴ-ի հետ սահմանը բաց է, նախարարն արձագանքեց. «Դա իրենց որոշումն է, այնտեղ կա այլ կարգավիճակ։ Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց լուծումն անմիջապես առկա չէ, որովհետեւ լուծումը վերաբերում է այլ երկրի որոշումներին»։
Քաղաքացու հարցին՝ ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում ՌԴ-ի հետ, Մնացականյանն ասաց. «Ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես, վաղը կարող է ձեր նման մի ուրիշ խումբ գալ ու ասի՝ թողեք գնանք Եվրոպա։ Հիշեցնեմ, որ գոյություն ունի համաշխարհային համավարակ։ Դեռեւս իրավիճակն այնպիսին չի, որ կանոնը փոխվի։ Մենք մեր որոշումներն ընդունում ենք ըստ մեր երկրի պահանջներին, որովհետեւ մեր առաջին թիրախը մեր երկրում այս համավարակը նվազեցնելն ու դեմն առնելն է»։
Մնացականյանը շեշտեց, որ չի կարող իրենց խոստում տալ, թե շուտով բացվելու է սահմանը. «Մենք որեւէ պայմանավորվածության չենք կարողանալու գալ։ Դուք ասում եք՝ թողեք գնանք, հիմա դա հնարավոր չի։ Ես ձեզ որեւէ խոսոտում չեմ տալու, որովհետեւ սուտ կլինի խոստում տամ»։
Քաղաքացիներից մեկը նախարարին ասաց, որ իրենց չի բավարարում իր պատասխանը, նախարարը նույնպես համաձայնեց. «Բնական է, դե ուզում եք գնաք»։
auroranews.am