Ալկոհոլային թունավորման ևս 11 նոր դեպք է արձանագրվել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Դեպքերից 25-ն արձանագրվել է Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, 1-ը` Կոտայքի մարզում: Գրանցվել է մահվան 14 դեպք:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:
Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ինքնաթոր օղի արտադրող Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։