Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Ford Focus-ը. կա 12 վիրավոր.
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ծովագյուղի խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель-ն ու Ford Focus մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տեղափոխվել են Սևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարակական վարչության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկաի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար ГАЗель-ը սպասարկում Երևան-Իջևան երթուղին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com