Բելառուս ընդդիմադիրները հայտնաբերվել են Ուկրաինայի սահմանին
Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են, որ անհետ կորած Կոլեսնիկովան ու ևս երկու ընդդիմադիրներ հատել են Ուկրաինայի սահմանն ու այժմ գտնվում են Ուկրաինայում: Կոլեսնիկովան սահմանից բերման է ենթարկվել:
Ավելի վաղ եվրոպական երկրներն իրենց մտահոգությունն էին հայտնել Բելառուսի ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի անհետացման վերաբերյալ, որը երկուշաբթի օրվանից անհետ կորել է՝ գրել էր Euronews-ը:
Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու եվրոպական մի շարք պետություններ Բելառուսի իշխանություններից պատասխան են պահանջել:
«Մենք խիստ անհանգստացած ենք: Պահանջում ենք հայտնել Կոլեսնիկովայի գտնվելու վայրն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը:
Պարբերականը գրում է, որ չհաստատված աղբյուրների հավաստմամբ՝ Կոլեսնիկովային ու ևս երկու ընդդիմադիր գործիչների առևանգել էին Մինսկի կենտրոնից: