«Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. ու դուք խոսում եք արդարությունից». Սամվել Բաբայանը պատգամավորներին խնդրեց «բամբիտ» չանել

Bambit

Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը պատգամավորների հետ այսօրվա հանդիպումը եզրափակեց այս մտքով: Այսպես նա դիմում էր այն պատգամավորներին, որոնց որոշմամբ դոտացիայի համակարգ է ներդրվել Արցախում:

«Էսօր բոլորը ստանում են էլեկտրականության դոտացիա՝ մոտ 3 միլիարդ դրամի չափով, ձեր իսկ ընդունած բյուջեով: Մի տատիկ, որ 25 դրամ է վճարում 49-ի փոխարեն, էն 24-ը պետությունը դոտացիա է տալիս, ծախսում է 2000 դրամ, մի 2000 էլ իր փոխարեն պետությունն է տալիս: Մյուսն էլ 1 միլիոն դրամի էլեկտրաէներգիա է վառում, 500 հազար դրամի դոտացիա է ստանում: Ի՞նչ եք անում ժողովուրղ, թե՞ լավ չենք հասկանում իրար: Ու խոսում եք արդարությունից»,- դժգոհեց Բաբայանը:

Խոսելով մանկապարտեզ հաճախող երեխաներին տրամադրվող դոտացիայի մասին, անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակեց. «9 հազար երեխա մանկապարտեզ է գնում,  նրանցից 4000-ին պետությունը դոտացիա է տալիս՝ ձեր իսկ ընդունած օրենքներով: Բա խի՞ չեք էն մնացածին էլ տալիս, որ տանը նստած էրեխա են պահում»:

Դիմելով պատգամավորներին՝ Բաբայանը առաջարկեց առաջիկայում համագործակցել իր ղեկավարած կառույցի հետ, դուրս գալ դոտացիոն համակարգից: «Գումարների լվացման մեխանիզմը պետք է փակվի: Աշխատավարձը բարձրացնենք, թոշակը բարձրացնենք, նպաստը բարձրացնենք եւ այլն, մարդիկ թող ստանան բարձր աշխատավարձ, իրենք որոշեն ինչքան են էլեկտրաէներգիա վառում: Եթե իրենց գրպանից գնա, իրենք են որոշելու, քանի դոտացիա ես տալիս, ինչքան ուզում՝ վառում են:

Նույնը մանկապարտեզների հարցը. հիմա ծանոթով մանկապարտեզ եք տեղավորում ամեն մեկդ ձեր էրեխեքին, թոռներին, էն հասարակ 6-7 հազար մարդը չի կարողանում դա անի, բայց ոչ էլ փող է ստանում: էդ քոնը համ ծանոթով տեղավորեցիր, համ փողը ստացավ, համ պահեցին, մյուսներն էլ տանը նստած մանկապարտեզ չի տեղավորում, փողն էլ չի ստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե միասին աշխատեն՝ ահագին հարցեր լուծվելու են:

Վերջում Բաբայանը նաեւ ընդգծեց, որ սովետական միության ժամանակ Արցախում 100 հոգի աշխատող է եղել էլեկտրոցանցում, հիմա 2500 հոգի են՝ 3 միլիոնից սկսած աշխատավարձով: Եզրակացրեց, որ ինչպես կրթության եւ մյուս ոլորտներում՝ աշխատատեղ է ստեղծվել:

«Գազի սպասարկումը կատարել է 50 հոգի, հիմա 600 հոգի է, տենց կարող ենք շարունակել: Տեղերը կա, գիտենք որտեղից պիտի խողովակը փակվի: Անելու ենք, զբաղվելու ենք: Ես սկզբից ասել էի, որ մեզ 6 ամիս ժամանակ տվեք: Հլը 2 ամիս չկա, բամբիտ եք անում ամեն կողմից: Չգիտենք ասողներից պաշտպանվենք, թե գործով զբաղվենք»:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...