Սամվել Բաբայանի դեմ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներո՞վ. Արկադի Ղուկասյանի մահափորձի դեպքով նոր քրգործ է հարուցվել
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ս.թ. հուլիսի 27-ին Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Ըստ դատախազության՝ գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ) եւ 366-րդ հոդվածի 2-րդ մասով (Հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը մեր զրույցում ասաց, որ ի հայտ են եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք բացառում են Արկադի Ղուկասյանի մահափորձի գործով մի շարք դատապարտված անձանց գործողություններում հանցակազմի առկայությունը:
«Այսինքն, կոպիտ ասած, գործը կարվել է պարոն Բաբայանի վրա»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ ժամանակին Սամվել Բաբայանի դեմ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներով:
Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց:
Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարեց. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ի՞նչ է կատարվել. 2000-ին հանցագործները ովքե՞ր էին, տեռորիստներն ովքե՞ր էին, եւ ի՞նչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»: