ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանի հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին
Հարց. Արտաքին գործերի նախարարն առաջիկա օրերին մեկնելու է Մերձավոր Արևելք: Ընդհանրապես, մերձավորարևելյան երկրները Հայաստանի արտաքին քաղաքականության համար ի՞նչ կարևորություն ունեն:
Ռուբեն Կարապետյան. Մերձավոր Արևելքը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի և, գաղտնիք չէ, որ այն մեր անմիջական անվտանգության միջավայրի բաղկացուցիչ մասն է, որտեղ գործում է հայկական պետականությունը: Մենք եղել ենք մերձավորարևելյան տարածաշրջանի մաս, պատմության ընթացքում ակտիվ մասնակից և ստիպված ենք եղել բախվել խաղաղության և պատերազմի գոյութենական խնդիրներին: Մենք բազմաթիվ թելերով և հետաքրքրություններով կապված ենք այդ տարածաշրջանի հետ, և այս ամեն ինչը գիտակցելով է, որ մենք այս տարվա ընթացքում Արտաքին գործերի նախարարությունում մշակեցինք և վերջնականացրինք մերձավորարևելյան մեր հստակ ռազմավարությունը:
Հարց. Ինչպե՞ս կանվանեք դա:
Ռուբեն Կարապետյան. Ես կանվանեի այն ինքնիշխան ռազմավարություն: Ինքնիշխան այն իմաստով, որ դա վաղուց էր պետք անել, բայց այսօր, փաստորեն, այն այցերը և այն ծրագիրը, որ մենք մշակել ենք Մերձավոր Արևելքի ուղղությամբ, հստակ ազդարարելու են Հայաստանի պետական շահերի և մեր այդ գործընկեր երկրների հետ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության այնպիսի մի հարթակի ստեղծում և այնպիսի հետաքրքրություների շրջանակի ստեղծում, որը հնարավորություն կտա ապահովելու, առաջնորդելու և առաջ մղելու Հայաստանի պետական և ազգային շահերը:
Հարց. Պարոն Կարապետյան, տեսեք, նախկինում, համենայն դեպս, վերջին մեկ տասնամյակի ընթացքում, կարծես թե, Մերձավոր Արևելքի նկատմամբ Հայաստանի հետաքրքրություններն եղել են, եթե չասեմ իներտ, ապա շատ չեզոք: Դա ինչի՞ հետ էր կապված, և այսօր ի՞նչ է փոխվում:
Ռուբեն Կարապետյան. Շատ ճիշտ եք, թեև թվում է, թե աքսիոմ է, որ բոլորն էլ գիտակցում են Մերձավոր Արևելքի կարևորությունը Հայաստանի համար: Հայաստանը ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքի մաս է կազմում, ոչ միայն այս վերջին շրջանում խոսվող այդ երեք ծովերի` Կասպից, Սև, Միջերկրական ծովերի աշխարհաքաղաքականության, այլև այդ տարածաշրջանի բաղկացուցիչ մասն է:
Հարց. Չնայած, որ Թուրքիան ասում է` Սևանն է միայն մերը:
Ռուբեն Կարապետյան. Դա առանձին խոսակցության թեմա է: Մենք դրան, միգուցե, կանդրադառնանք: Բայց հարցն այն է, որ Դուք ասում եք` ինչն է փոփոխությունը: Նախ կասեմ որ. մենք անցյալ տարի դեսպանահավաքի ժամանակ ամրագրեցինք արտաքին քաղաքական երեք կարևորագույն սկզբունք՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: Եվ եթե խորքային, բովանդակային իմաստով պատկերացնենք` ինչ են նշանակում այս երեք սկզբունքները. և արտաքին քաղաքականության համար և ամբողջ մեր դիվանագիտական գործունեության համար դրանք կլինեն որպես ուղեցույց: Պատահական չէ, որ նշեցի մերձավորարևելյան նոր ինքնիշխան ռազմավարության մասին, որովհետև այստեղ են մեր պետության, ինքնիշխանության պաշտպանության շահերը: Եվ այսօր այն անվտանգային բոլոր ռիսկերը և սպառնալիքները, որոնք առկա են Մերձավոր Արևելքում, շատ ավելի կենսական, հրամայական են դարձնում այդ կարևորագույն շրջանում Հայաստանի շահերի արդեն իսկ նորովի վերաձևակերպումը, ներկայացումը և ազդարարումը։
Հարց. Խոսենք ավելի առարկայական կերպով: Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների հետ կոնկրետ առաջիկայում երկխոսության ի՞նչ մակարդակ եք նախատեսում: Ի՞նչ ծրագրեր ունեք:
Ռուբեն Կարապետյան. Առաջին այցը, որը տեղի է ունենալու, Եգիպտոսն է, որովհետև Եգիպտոսն արաբական աշխարհի «ծանրքաշայիններից» է: Եգիպտոսի ձայնը շատ դեպքերում որոշիչ է լինում արաբական տարբեր երկրների համար: Եգիպտոսն առանցքային դերակատարություն ունի տարբեր անվտանգային, ռազմաքաղաքական հարցերում: Եգիպտոսն այսօրվա մերձավորարևելյան տարածաշրջանի սպառնալիքների, այդ թվում՝ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների, ակտիվ մասնակից է: Երկկողմ բազմաշերտ հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ անվտանգության և տարբեր ոլորտներում բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից:
Կահիրեում է գտնվում, ինչպես գիտեք, Արաբական պետությունների լիգայի կենտրոնակայանը: Դա միակ արաբական կազմակերպությունն է, որը համախմբում է 22 արաբական պետությունների․ այստեղ ևս նախատեսված է հանդիպում: Դա մեզ համար այն հարթակն է, որտեղ Հայաստանի ձայնն ավելի լսելի կլինի, ավելի արագ կհասնի, և մենք վաղուց ունենք այդտեղ ներկայություն։
Հարց. Նախարարի օրակարգից մի քանի նշում կանե՞ք։
Ռուբեն Կարապետյան. Օրակարգը պարզ է, բայց ես, միգուցե, կթողնեմ դա այցից հետո, որպեսզի մենք կարողանանք նաև որոշակի եզրահանգումներ, գնահատականներ կատարել: Ես ասեմ միայն, որ Եգիպտոսում հանդիպումներ են լինելու բարձր ղեկավարության՝ արտգործնախարար և այլն մակարդակով, ինչպես նաև լինելու են հանդիպումներ հոգևոր առաջնորդների հետ, որովհետև այստեղ էլ կարևոր մի հանգամանք կա: Սա էլ է նորույթ Մերձավոր Արևելյան մեր քաղաքականության մեջ, որովհետև Հայաստանը` որպես քաղաքակրթական առաքելություն ունեցող ժողովուրդ և ժողովուրդ ներկայացնող պետություն, անպայման պետք է հետապնդի այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների շահերը։ Փաստորեն, Եգիպտոսը մեկնարկն է Մերձավոր Արևելյան մեր ռազմավարությունից բխող քայլերի։ Հետագայում մենք դիտարկում ենք մերձավորարևելյան այլ երկրներ, զօր օրինակ՝ Լիբանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Հորդանանը և Սիրիան։ Մեզ համար կարևոր տարածաշրջան է, մենք չենք կարող անհանգստացած և շահագրգռված չլինել Մերձավոր Արևելքի կայունությամբ։
Հարց. Մենք գիտենք, որ գոնե վերջին մեկ-երկու տարիների ընթացքում գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը միավորվում է աստճանաբար ընդդեմ Թուրքիայի. Եգիպտոս, Իսրայել, Էմիրություններ: Ընդհանուր առմամբ, մոտենում ենք Արևելյան Միջերկրականին. Հունաստանի հետ խնդիրներ ունեն, իսկ Հայաստանը փաստացի մատնանշածս երկներից բոլորի հետ ունի լավ հարաբերություններ, կամ ինչպես դուք եք նշում՝ խորացնում է: Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիայի՝ ձեր նշած ծավալապաշտական գործողությունների առումով՝ հաշվի առնելով վերջին հայտարարությունները նաև Արևելյան Միջերկրականի առումով։
Ռուբեն Կարապետյան. Հենց սրա մասին մենք խոսեցինք: Ես չէի ցանկանա, որ ամեն ինչ մենք ուղղակի բերեինք, իջեցնեինք մի շատ պարզ ֆորմուլայի, ինչպես Դուք նշեցիք՝ հակաթուրքական։ Դա այդպես չէ, դա հարցերից մեկն է: Այնպես չէ, որ մեր հարաբերությունները Եգիպտոսի հետ պայմանաորված են որևէ երրորդ երկրով:
Հարց. Բայց բոլոր դեպքերում Թուրքիան սպառնալիք է և՛ Եգիպտոսի, և՛ մեզ համար։
Ռուբեն Կարապետյան. Իհարկե, այն ինչ ընդհանուր սպառնալիքի համատեքստում է, մենք այստեղ մեր գործընկեր երկրների հետ անելիքներ ունենք, բայց ուզում եմ ասել, որ դա չէ միայն, և դրանով չէ միայն պայմանավորված մեր մերձավորարևլյան ռազմավարությունը: Մեկ-երկու տարի հետո մենք կարող ենք ունենալ շատ ավելի տեսանելի, շատ ավելի լուրջ և շատ ավելի մեծ դերակատարություն մերձավորարևելյան գործըթացներում: Վերջապես, եթե մեկ բառով ասեմ, այս այցն էլ այդպիսի ազդակ կհանդիսանա, որպեսզի և՛ մեր հարևանները, և՛ բոլոր մեր գործընկերները հասկանան, որ Հայաստանը վերադարձել է Մերձավոր Արևելք: