«Հայաստան» հիմնադրամն ամփոփել է Լիբանանի հայերին աջակցելու դրամահավաքի արդյունքները

Ampopum

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը, որի արդյունքում հավաքվել է շուրջ 312,000 ԱՄՆ դոլար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Հանգանակությունը փոխանցելիս դրամահավաք-արշավին միացել է նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100,000 ԱՄՆ դոլար։ Այսպիսով՝ հավաքված գումարը կազմել է 412,000 ԱՄՆ դոլարորից 310,000 դոլարը համամասնաբար բաշխվելու է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։ Ավելացված 100,000 դոլարը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքված գումարից 13,000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Լիբանանահայերը մշտապես մեծ նվիրումով սատարել են թե՛ հայրենիքին, թե՛ սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ Հանգանակված գումարը որոշ չափով կթոթափի սոցիալ-տնտեսական դժվարությունները, որ ահագնացել են Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, որը այժմ գտնվում է Բեյրութում՝ նվիրատվությունն անձամբ փոխանցելու առաքելությամբ։

Հայկակ Արշամյանը նաև հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ վեհափառին։ Վեհափառը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ի նպաստ Հայաստանի և սփյուռքի կայունության և հզորացման։ 

«Շնորհակալություն ենք հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի, այցի ընթացքում ցուցաբերած մշտական աջակցության համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությունը Լիբանանում գործող հայ կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին շարունակական բնույթ է կրում։ Այն սկիզբ է առել դեռևս 2019թ.-ի դեկտեմբերին, երբ երկրում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը վերջին 9 ամիսների ընթացքում ավելի քան 600,000 դոլարի օգնություն է ցուցաբերել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և իր տեղական մարմիններին՝ անվերապահ աջակցության և վստահության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

***
ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

Ձեզ կհետաքրքրի...