Հայաստանի ամենաբարձր ու գեղեցիկ ջրվեժը կառավարվում է «պուլտով». Ում ձեռքում է «պուլտը» եւ ով է 5000 դրամ վերցնում

Shaqe

Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Այն զբոսաշրջիկների ամենաշատ այցելվող վայրերից մեկն է Հայաստանում: Բնության այս հրաշքը, որ նաեւ ամրագրված է որպես բնության հուշարձան, ամեն օր տեսնելու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ:

Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում, Շաքին այս տարի միայն հայ զբոսաշրջիկներ է ընդունում: Քիչ չեն եղել դեպքերը, երբ զբոսաշրջիկները, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, հասել են ջրվեժ ու տեսել Շաքին ցամաքած վիճակում: Պատճառը՝ տարածքում գործող ՀԷԿ-ն է, որն իր հերթին ջրվեժի ջրի 90 տոկոսից ավելին վերցնում է խողովակների մեջ:  Մեր այցի ժամանակ՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, ջրվեժը գրեթե ամբողջությամբ ցամաքած էր: Տարածքում առեւտրով զբաղվողներն ասացին՝ «Մի ժամից ջրերը կտան»: Սպասելու փոխարեն որոշեցինք այցելել Գորիս: Ճանապարհին հանդիպած մի քանի քաղաքացիներ խորհուրդ տվեցին դիմել ՀԷԿ-ին. «Ջրվեժի ջուրը շուտ միացնելու համար 5000 դրամ տուր, կմիացնեն, կտեսնեք»: Մի կողմից զարմանք, մյուս կողմից՝ զայրույթ: Հայաստանի հյուսիսից հարավ հասնել ու բնության այս հրաշքը չտեսնելը, տեսնելու համար էլ գումար վճարելը աբսուրդ էր: Այս իրավիճակում շատերն էին հայտնվել, էլի կային քաղաքացիներ, ովքեր առավոտյան որոշել էիին առաջինը վայելել Շաքին, հետո արդեն սյունյաց աշխարհի մյուս հրաշքները:

Պարզվում է՝ ջրվեժը կառավարվում է «պուլտով», միացնում-անջատում են կոնկրետ ժամերի, ասել է թե՝ ջրվեժն «աշխատում է» գրաֆիկով: Ժամանակից շուտ ես հասել, պետք է լավագույն դեպքում խնդրել ՀԷԿ-ին, վատագուն դեպքում՝ վճարել: Սա քաղաքացիների խորհուրդ-առաջարկն էր մեզ:

ՀԺ-ն գնաց խնդրի հետքերով, պարզելու՝ ում է պատկանում ՀԷԿ-ը, ով եւ երբ է թույլատրել ամբողջությամբ վերցնել ջրվեժի ջուրը, ում ձեռքում է ջրվեժը «միացնել-անջատելու» վահանակը, որ ժամերին է ջրվեժը աշխատում, որ ժամերին են «ջրերը» կտրում, ով եւ ինչու է գումար վերցնում: Արդյոք պահպանվում է ջրօգտագործման թույլտվությունն ու ինչպես է այն վերահսկվում:

«Շաքի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին:  Համասեփականատերերն են Աղասի Գալստյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի աներն է: Աղասի Հակոբջանյանը վերջերս է մահացել:

Տնօրենը Արսեն Գալստյանն է: ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ այն գնվել է պետությունից 1996թ-ին, այնուհետ ինքն էլ է դարձել համասեփականատեր: Ջրօգտագործման թույլտվությունը սկզբում եղել է վայրկյանում 2 խմ, որը քննարկումների արդյունքում իջեցվել է. «Զբոսաշրջային պետական կոմիտեի, զբոսաշրջային ընկերությունների, բնապահպանության նախարարության եւ մեր համատեղ քննարկումների արդյունքում եկանք համաձայնության, որ պետք է ժամային գրաֆիկ սահմանվի: Այսինքն՝ զբոսաշրջային սեզոնին՝ մարտի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը սահմանվում է որոշակի գրաֆիկ: Ըստ այդմ՝ մարտի 15-ից ապրիլի 30-ը ժամը 11:00-ից 17:00, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը՝ 11:00-ից  17:00-ն, սեպտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 15-ը՝ 11:00-ից մինչեւ 17:00-ն: Բայց դա չի նշանակում, որ այս ժամային գրաֆիկից շուտ կամ ուշ ջուրը չենք միացնում, ինչքան մարդ եկել է, զանգել ինձ տեղեկացրել են՝ միացրել ենք»,-ասաց տնօրենը: Թե որտեղից պետք է Շաքի այցելող քաղաքացիներն իմանան տնօրենի համարը, երբ որեւէ տեղ այն գրված չէ, ասաց. «Բոլոր զբոսաշրջային կառույցներն ունեն, ժամերն էլ գիտեն, հարմարեցրել ենք իրենց հետ, բայց եթե շուտ են գալիս, շուտ ենք միացնում, իսկ սահմանված ժամկետում անհնար է, որ ջրվեժում ջուր չլինի»:

Դիտարկմանը, որ ըստ քաղաքացիների ու զբոսաշրջային ընկերություններից մեկի աշխատակցի՝ շատ հաճախ 5000 դրամ են տալիս՝ ջրվեժը շուտ միացնելու համար, ասաց. «Անհնար է նման բան: Տարածքը սիրուն սարքել ենք, ներդրումներ ենք արել, ու պայմանական, եթե ընդունենք, որ 5000 դրամ են վերցնում, ապա դա ես չեմ վերցնում, բացառվում է, որ որեւէ մեր աշխատակից որեւէ մեկից փող վերցնի: Նախկինում նման բան արել են, պատժվել են, բոլոր աշխատողները փոխվել են»,-տեղեկությունները կտրականապես հերքեց տնօրենը, առաջարկելով կոնկրետ անուններ տալ. «Նման վերջին դեպքը մի 7-10 տարի առաջ է եղել: Փող պահանջողի գլուխը տեղում կթռցնենք, չի կարա նման բան լինի: Շուտ եկած քաղաքացիները մոտենում են ՀԷԿ, ՀԷԿ-ից զանգում են ինձ, միացնում ենք»:

Արդեն նշեցինք, որ մյուս սեփականատերը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի աները: ՀԺ-ի հետ զրույցում Կարեն Համբարձումյանը չհերքեց՝ իր աներոջ ընտանիքին է պատկանում. «96թ-ից աճուրդի միջոցով ձեռք են բերել պետությունից, բարեխիղճ հարկատու են, ես սա ասում եմ որպես տնտեսական հանձնաժողովի անդամ, հարկերը օրենքի սահմանում մինչեւ հիմա վճարում են, ես խնդիր չեմ տեսնում»: Մեր հարցին՝ արդյոք ժամային գրաֆիկով աշխատող ջրվեժը չի խոչընդոտում զբոսաշրջությանը, պատգամավորը նախ զարմացավ, որ  ջրվեժը ժամով է աշխատում, ապա հորդորեց ՀԷԿ-ի հետ կապված բոլոր հարցերով դիմել տնօրենին: Ինչ վերաբերվում է քաղաքացիների նշած՝ գումարի դիմաց ջրվեժի ջուրը միացնելուն, ասաց. «Եթե որեւէ մեկը գումար է պահանջում՝ ջուրը միացնելու համար, ես խնդրում եւ հորդորում եմ՝ դիմեն ոստիկանություն, դա անթույլատրելի է եւ վստահ կարող եմ ասել, որ չի եղել սեփականատերերի կողմից երբեւէ նման որոշում: Եթե նման առաջարկ անող կլինի՝ թող դիմեն ոստիկանություն, ինչ վերաբերվում է ձեր նշած գրաֆիկին, որից ես տեղյակ չեմ, եթե խախտում են գրաֆիկը՝ թող տնօրինությունը պատասխան տա, բայց ամենայն ազնվությամբ նման ահազանգ ես թե որպես սիսիանցի, թե որպես պատգամավոր, թե որպես Հակոբջանյանի փեսա, երբեք չեմ լսել, չեմ լսել նաեւ, որ երբեք իրենք օրենք խախտած լինեն: Չի կարող մեկը օրենքը շրջանցի ու մնա անպատիժ, ով ուզում է լինի»:

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն ասաց՝ Շաքիի ջրվեժի մասով կա կոնկրետ ժամանակացույց, թե ինչ գրաֆիկով է այն գործելու, որն ամրագրված է ջրօգտագործման թույլտվության մեջ. «Կան ժամեր, երբ ջուրը բաց է թողնվում, կան ժամեր, երբ կտրում են ջուրը: Շաքիի ջրվեժը համարվում է բնության հուշարձան, բայց սրան զուգահեռ թույլատրվել է ջրօգտագործման թույլտվության սահմաններում աշխատել ՀԷԿ-ին՝ ժամանակացույցին համապատասխան»,- ասաց պարոն Գրրիգորյանը, առաջարկելով մյուս բոլոր հարցերը ուղղել գրավոր:

Ինչ վերաբերվում է ժամանային գրաֆիկի խախտմանը, ապա ըստ Դավիթ Գրիգորյանի՝ քաղաքացիները պետք է դիմեն բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, քանի որ վերահսկող մարմինն իրենք են: Արդյոք նախարարությունը առաջիկայում կվերանայի Շաքիի ջրվեժի օգտագործամ  թույլտվությունը, պատասխանելով այս հարցին ասաց. «Այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում  վերանայվում են ոչ միայն ջրօգտագործման թույլտվությունները, այլ նաեւ անտառային տարածքների վարձակալության պայմանները»: Ինչ վերաբերում է տարածված այն լուրերին, թե Շաքիի ջրվեժը սեփականաշնորհվել է տարիներ առաջ, Դավիթ Գրիգորյանն ասաց. «Ջրվեժը չի կարող սեփականություն համարվել, ինքը բնության հուշարձան է, որեւէ մարդ, ով կասի, որ Շաքիի ջրվեժը իր սեփականն է, ինքը առնվազն պետք է պետության կողմից տրված փաստաթուղթ ներկայացնի, ինչը, ես վստահ եմ, որ չկա»:

ՀԺ-ն կապ հաստատեց նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզային բաժնի պետ Արտակ Սահակյանի  հետ, պարզելու՝ կան արդյոք արձանագրված խախտումներ ՀԷԿ-ի գործունեության ու ջրվեժի ջրօգտագործման մեջ: Պարզվեց՝ 2018թ-ից մինչ օրս որեւէ ստուգում չի արվել:

«Կատարվող ստուգումներն ընթանում են ստուգումների մասին օրենքի համաձայն, տեսչական մարմինը ստուգում կատարում է կամ տարեկան պլանային ստուգումների ցանկով՝ կառավարության որոշմամբ, բայց «Շաքի» ՓՀԷԿ-ը որպես բնապահպանական վերահսկվող օբյեկտ ներառված չի եղել 2018-2020 թթ ստուգման ծրագրում, չի եղել  քաղաքացիների բողոք-դիմումներ, որոնք հիմք կտային ստուգումներ անելու, մենք հաճախ ենք կատարել այցեր ու ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքում այսքան ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, եղել են բողոքներ զբոսաշրջիկների կողմից առ այն, որ եղել են ջրվեժում, սակայն ջուր չի եղել, սակայն ամբողջ հարցը նրանում է, որ Շաքիի ջրվեժն ունի անձնագիր, որտեղ հստակ նշված է ջրօգտագործման թույլտվության պայմանները: Բոլոր այն ժամանակահատվածները, երբ նշված գրաֆիկից դուրս են լինում, խախտում է, բայց երբ զբոսաշրջիկը գնում ու տեսնում է, որ ջուր չկա, բայց գրաֆիկով դա թույլատրված է, այդտեղ խախտում չկա: Տվյալ պարագայում տնտեսվարողին մենք չենք կարող մեղադրել, թե ինքը ջուր չի թողել, քանի որ այդ թույլտվությունը պետությունն է տվել՝ տալով նաեւ ժամային գրաֆիկը», — ասաց տեսչական մարմնի ղեկավարը, հավելելով, որ մինչ օրս որեւէ լուրջ խախտում չի արձանագրվել:

Դիտարկմանը՝ արձանագրվել են արդյոք դեպքեր, երբ պետք է ջրվեժը ըստ գրաֆիկի գործեր, սակայն չի գործել, մարզային բաժնի պատասխանատուն բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ եթե լիներ՝ վարչական վարույթ կսկսեին. «Իմ հիշելով 2018-2019թ-ից առ այսօր 2 անգամ նման դեպք է եղել, համապատասխան ընթացք է տրվել, վարույթ է իրականացվել, բայց ես 2019թ- հոկտեմբերից եմ աշխատում, դա մինչեւ ինձ է եղել, իմ օրոք նման դեպք չի եղել»:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...