Գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինը Խնձորեսկում զրուցեց վարչապետի հետ
Խնձորեսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։
Խնձորեսկում նրանց է մոտեցել հուլիսին Ադրբեջանի սահմանին հայտնված ու գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինն ու հետաքրքրվել ամուսնուց: Կնոջ խոսքով՝ Սարդարյանի վիճակի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն:
«Չենք կարող ոչինչ ասել, ցավոք սրտի, որովհետև, գիտեք, դժբախտաբար նա ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է ընկել»,- նշեց վարչապետը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կզրուցի տիկնոջ հետ:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում է հուլիսի 8-ից: Նրա՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ: