Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը

Surb Xach

Այսօր Խաչվերաց է՝ Հայ առաքելական եկեղեցու հինգերորդ տաղավար տոնը։

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:

Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Պատմությունը փաստում է, որ Երուսաղեմ վերադարձի ճանապարհին Խաչը որոշ ժամանակ հանգրվանել է Կարին քաղաքում: Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը: Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, որի շուրջ ռեհան է աճում: Այս ավանդույթն էլ առիթ է դարձել Խաչվերացի տոնի ժամանակ ռեհանի օրհնության կարգի հաստատմանը: Արարողության ավարտին օրհնված ռեհանը բաշխվում է հավատավոր ժողովրդին:

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», — այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:

Տոնի օրը` երեկոյան ժամերգությունից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչը պտտեցնում են եկեղեցու բակում ու համայնքներում՝ կատարելով աշխարհի չորս կողմերն օրհնելու արարողությունը՝ Անդաստանի կարգը:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...