Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին կողմ չէ

a1plus

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի համար այնքան էլ ընդունելի տարբերակ չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց խորհրդարանի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ պատասանելով «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ինչ մոտեցում ունի Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ:

«Ներկայում Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները էականորեն տարբերվում են միմյանցից: Մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք: Եվ, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն պետք է ավելի շատ բխի պահպանողական մտածելակերպից: Ինձ համար կտրուկ փոփոխություններն անընդունելի են, և շատ ավելի արժեքավոր են իրավիճակները ֆիքսելը և հասկանալը, թե որոնք են խնդիրները և դրանք վերացնելը, քան շատ ավելի մեծ անորոշության գնալը  և նոր միայն հասկանալը, թե ինչքան նոր խնդիրներ կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Խունդկարյանն ու հավելեց՝ թեև այդ հարցը որոշողն ինքը չէ:

Նա շեշտեց՝ ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված, և ցանկացած փոփոխության կետրոնում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:

Աննա Գրիգորյան

Ձեզ կհետաքրքրի...