ԱՆ պարզաբանումը Արսեն Թորոսյանի հրամանի նախագծի վերաբերյալ

torosyan

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություններին՝ ազատվել 65 և ավելի տարիք ունեցող բոլոր դասախոսներից:

ԱՆ-ից հայտնում են՝ «նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված է»։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ նախևառաջ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ և գտնվում է քննարկումների և լրամշակումների փուլում, և միևնույն ժամանակ հանդիսանում է ոչ թե աբսուրդային, այլ օրվա հրամայական, և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված մինչ այս պահն ընդունված բոլոր փաստաթղթերում, իրավական ակտերում նշվել է, որ անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, ինչն ուղղված է եղել ոչ թե ռիսկի խումբ հանդիսացող աշխատակիցներից ազատվելուն, այլ վերջիններիս պաշտպանելուն։

Տվյալ առաջարկն ուղղված է ոչ թե ռիսկի խմբում գտնվող անձանց աշխատանքից կամ ուսման իրավունքից զրկվելուն, այլ վերջիններիս անվտանգության ապահովմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել պետությանը նաև կորոնավիրուսային հիվանդության պայմաններում՝ հեռավար սկզբունքով, իսկ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո անցնել իրենց բնականոն աշխատանքին։

Կոչ ենք անում և հորդորում նախքան որևէ «ցնցող» լուր հայտնելը պարզապես ամբողջությամբ ծանոթանալ իրավիճակին, առկա փաստաթղթերին և վերլուծել իրականությունը և ոչ թե փորձել պղտոր ջրում ձուկ որսալ և դիվիդենդներ հավաքել բառախաղերի միջոցով։

Առողջություն բոլորին»,- ասվում է առողջապահության նախարարության պարզաբանման մեջ։

Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Вторник, 15 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...